ԿարևորՀասարակություն

Բողոքի ակցիա Արցախում՝ ԱԱԾ հատուկջոկատայինների և քաղաքացիների միջև ծեծկռտուքի պատճառով

Սոցիալական մեդիայում տարածվել է տեղեկություն, ըստ որի Ստեփանակերտում ԱԱԾ հատուկ ջոկատայինները բավականին մեծ խմբով ծեծի են ենթարկել երկու քաղաքացիների։ Քաղաքացիները ծեծի են ենթարկվել Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկում։ Դեպքի վայրում գտնվող ոստիկանները ոչ միայն չեն միջամտել, այլև բերման են ենթարկել երկու ծեծի ենթարկված քաղաքացիներին, ինչից հետո նրանք տեղափոխվել են հիվանդանոց։

Դեպքի առնչությամբ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ժամը 3։30-ին այցելել է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն և հերթապահ բժշկից տեղեկացել տուժողների վիճակի մասին։ Ըստ հերթապահ բժշկի՝ երկու տուժողները հոսպիտալացվել են միջին ծանրության մարմնական վնասվածքներով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, և վիրահատության անհրաժեշտությունը տվյալ պահին բացակայում է։

Տասնյակ մարդիկ, վրդովված այս միջադեպով, երեկ երեկոյան իրենց ավտոմեքենաներով փակել են Ազատամարտիկների փողոցի ավտոկայանի դիմացի հատվածը։ Հավաքված մարդկանց պահանջը ծեծկռտուքին մասնակցած հատուկ ջոկատայինների ձերբակալությունն էր։ Նրանց մոտ բանակցելու էին եկել բարձրաստիճան ոստիկաններ, պաշտպանության փոխնախարար Սամվել Կարապետյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը և այլ պաշտոնյաներ։ Արայիկ Հարությունյանը հավաքված մարդկանց փոխանցել է Բակո Սահակյանի հավաստիացումը այն մասին, որ մեղավորները պատժվելու են։

ԱՀ ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ ոստիկանության ՔՀՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն բերման են ենթարկվել 15 քաղաքացիներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին ուղարկելու համար:

Արցախի դատախազությունը դեպքի վերաբերյալ ևս հայտարարությամբ հանդես եկավ․ «2018թ. հունիսի 01-ին, ժամը 19.15-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան-2բ հասցեի դիմաց վիճաբանություն է առաջացել, մի կողմից, Դավիթ Հարությունյանի և Ալբերտ Ավետիսյանի, մյուս կողմից, Մհեր Մուսայելյանի (ԱԱԾ աշխատող), Մխիթար Մուսայելյանի, Սերգեյ Մուսայելյանի, Գուրգեն Հայրապետյանի և Վարդան Ղարամյանի (ԱԱԾ աշխատող) միջև, որի ընթացքում կողմերը հարվածներ են հասցրել միմյանց` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Փաստի առթիվ 02.06.2018թ. ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Կատարվում է նախաքննություն»:

Back to top button