Վարչապետն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Հունիսի 1-ին, հրավերով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում հանդիպեց Գերագույն հոգևոր խորհրդի անդամների, հայաստանյան թեմերի առաջնորդների և Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների հետ:
Ապա Վեհափառ Հայրապետը ՀՀ վարչապետին ներկայացրեց Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին և ներկա հոգևորականներին, տեղեկություններ փոխանցեց ԳՀԽ գործունեության և ժողովի օրակարգում ընդգրկվող ազգային-եկեղեցական կյանքը հուզող զանազան խնդիրների մասին:
Գարեգին Բ Կաթողիկոսը ՀՀ վարչապետի հետ հանդիպումը պատշաճ առիթ նկատեց հոգևոր դասի համար` ծանոթանալու ապագայի վերաբերյալ նրա տեսլականին և լուսաբանություններ ստանալու մեր ժողովրդին հուզող տարբեր խնդիրների վերաբերյալ:
Ամենայն Հայոց Հայրապետը հանդիպմանն ընթացքում ՀՀ վարչապետին հաջողություններ մաղթեց իր պատասխանատու պաշտոնում:
Այնուհետև ներկաներին ողջունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուրախություն հայտնելով հանդիպման հնարավորության համար: ՀՀ վարչապետը, խոսելով Հայաստանում սիրո և համերաշխության կարգախոսի ներքո տեղի ունեցած փոփոխությունների մասին, կարևորեց ամենքի ջանքերի մեկտեղումը, որպեսզի ձևավորված այդ մթնոլորտը լինի մշտական իրողություն Հայաստանի Հանրապետությունում և ընդհանրապես հայ ժողովրդի մեջ: Պրն. Նիկոլ Փաշինյանը կարևորեց ստեղծարար մթնոլորտի ձևավորումը, որը կնպաստի անվտանգության և բարեկեցության մակարդակի բարձրացմանը և ազգային միասնության ամրապնդմանը:
Ամփոփելով հանդիպումը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերստին իր բարեմաղթանքներն ուղղեց ՀՀ վարչապետին` ընդգծելով, որ անկախ պետականությունը Հայոց Եկեղեցու դարերով փայփայած երազն է եղել, և հայրենիքի զորացումը պիտի շարունակի մնալ Եկեղեցու մշտական առաքելությունը: