Քաղաքական

«Ե՛վ-ե՛վ»-ի արդյունավետության բարձրացման անհրաժեշտություն

Հայաստանի զարգացման հիմքում պետք է լինեն արդար եւ որակյալ  հարաբերությունները: Հնարավոր կլինի դա անել՝ նոր կառավարությունը կկարողանա հստակ բարեփոխումներ ապահովել՝ այս համոզմունքն այսօր հայտնել է ԱԺ ԲՀԿ-ական փոխխոսնակ Միքայել Մելքումյանը: Նրա համոզմամբ՝ այդ ամենը նոր որակ կհաղորդեն ինչպես ԵՏՄ-ի, այնպես էլ՝ ԵՄ-ի հետ ինտեգրացիոն գործընթացներին:

Նոր մարտահրավերներ եւ սպառնալիքներ Եվրասիական ինտեգրացիային-այս խորագրով քննարկում է այսօր կազմակերպել Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը՝ Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպանատան հետ համատեղ:

Քննարկմանը ներկա են եղել նաեւ Հայաստանում ԵԱՏՄ անդամ մյուս երկրների դեսպանատների, ինչպես նաեւ հայաստանյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Լրջագույն հնարավորությունները շատ են թե՛ ԵՏՄ ներսում, թե՛ Հայաստանի նախաձեռնությամբ Մեղրիում Իրան-ԵՏՄ ազատ տնտեսական գոտու ձեւավորման առումով, ինչը դրական ընկալվեց նաեւ գործընկեր երկրների շրջանում՝ նկատեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Փորձագետի դիտարկմամբ՝ կարեւոր է, որ ԵՏՄ անդամ պետություններն ուշադրությունը սեւեռեն ընդհանուր մարտահրավերներին:

Թեեւ դրանք ներքին խնդիրներ են թվում, բայց, ըստ տնտեսագետի, կարեւոր են արտաքին առումով էլ, ուստի՝ թիմային աշխատանք պետք է տանել նման խնդիրները լուծելու համար:

Ի դեպ, այսօր փորձնական ուժի մեջ է մտնում նաեւ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը: Թաթուլ Մանասերյանի ձեւակերպմամբ՝ բարեբախտություն է, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ ԵՏՄ անդամ մյուս գործընկեր պետությունները ճիշտ ընկալեցին Հայաստան-ԵՄ համաձայնագիրը:

Ինտեգրացիոն գործընթացները գնահատելով քաղաքական տեսանկյունից՝ ՀՀ նախագահի օգնական, քաղաքագետ Գեւորգ Մելիքյանը նկատեց, որ խնդիրը ԵՏՄ-ի արդյունավետությունը բարձրացնելն է: Այդ առումով, նրա ձեւակերպմամբ, կարեւոր է, որ բոլորը դուրս գան այն մտայնությունից, թե այլ ինտեգրացիոն գործընթացները վտանգավոր են:

ԵԱՏՄ-ն միայն տնտեսական հարթակ է՝ Ղազախստանի մոտեցումը հստակեցնելով Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւ շեշտեց, թե բաց երկխոսությունը միշտ էլ ամենակարճ ճանապարհն է՝ տարբեր կողմերի տեսակետներն ընկալելու առումով:

Դեսպանը դա կարեւորեց հատկապես, իր ձեւակերպմամբ, Հայաստանի վերաթարմացված իրավիճակում. «Առաջինը, իհարկե, ինչը հետաքրքրում է թե՛ Ղազախստանին, թե՛ Հայաստանին, եւ թե՛ մեր մյուս գործընկերներին, Եվրասիական տնտեսական միության առջեւ ծառացած մարտահրավերներն են: Այս հարցի շուրջ մենք դիտարկում ենք հայացքների եւ գնահատականների բավականին ծավալուն սպեկտր եւ ջանում ենք որքան հնարավոր է օպերատիվ եւ արհեստավարժորեն տալ պատասխաններ հարցերին, որոնք հուզում են հայ եւ ղազախ հանրություններին»:

Հայ հասարակությանը հուզող հարցերից ԱԺ փոխխոսնակ, ԲՀԿ — ական Միքայել Մելքումյանն առանձնացրեց հարցը, թե արդյո՞ք առաջիկա ամիսներին Հայաստան կգան մեծ ներդրումներ: Նա կարծում է, որ հնարավորություններ կան, եթե Հայաստանի զարգացման հիմքում դրվեն արդար եւ որակյալ հարաբերությունները: Միքայել Մելքումյանը, կարծում է, որ կախարդական փայտիկը կա եւ այն գտնվում է նոր կառավարության ձեռքերում:

Ըստ Միքայել Մելքումյանի՝ նոր արժեւորում եւ իմաստավորում պետք է ստանա նաեւ երկրի արտաքին քաղաքականությունը: Կոնկրետ դեպքում՝ Եվրասիական ինտեգրացիայի ուղղությամբ.  «Ցանկությունները եւ բարիդրացիական հարաբերությունները չեն համապատասխանում այն առեւտրաշրջանառության ծավալին, որը մենք ունենք: Ես նույնիսկ չեմ ուզում ասել, թե այդ ինչ ծավալներ են՝ շատ փոքր ծավալներ են»:

Հայաստանում տնտեսական աճի ձեւավորմանը մասնակցում են ընդամենը 60-70 ձեռնարկություն՝ նկատեց ԲՀԿ-ական պատգամավորը: Նրա խոսքով, այնինչ, պետք է, որ դրան մասնակցեն տասնյակ հազարավոր փոքր եւ միջին ձեռնարկություններ: Ասաց, որ տնտեսությունը ազատ շուկայական չէ, ինչպես անունն է, ուստի՝ հենց դա առաջնային խնդիր է, որ պետք է ապահովել:

Back to top button