ԿարևորՀասարակություն

Այսօր երեխաների միջազգային օրն է

լրացված 18.03

Հունիսի մեկը երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Այս օրը գրեթե բոլոր երեխաներին կարելի է հանդիպել պուրակներում եւ կարուսելներում, որոնց այնտեղ են ուղեկցում իրենց տատիկները, պապիկները եւ ծնողները:

Թեև կան նաև շատ ու շատ երեխաներ, ովքեր չեն կարող վայելել իրենց օրը մյուս երեխաների հետ միասին: Դրանք հաշմանդամություն և հատուկ կարիք ունեցող երեխաներն են: Նրանց իրավունքները թերևս բոլորից շատն են ոտնահարվում:

 

Արդյո՞ք մեր պետությունը ընդունակ  է միայնակ լուծել մանուկների բոլոր խնդիրները։ Ոչ: Արդյո՞ք մեր պետությունում հարմարեցված են ենթակառուցվածքներն ու միջավայրը նաև երեխաների համար։ Ոչ: Արդյո՞ք մեր պետությունում պաշտպանված են հաշմանդամություն ունեցող երեխաները։ Ոչ:

Երեխաները յուրաքանչյուր ազգի ապագան են ու ամենամեծ ռեսուրսը: Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը շեշտում է. բոլոր երեխաներն ունեն նույն իրավունքները, բայց չունեն նույն հնարավորությունները:  Ըստ նրա՝ տարբերությունը շատ մեծ է, տվյալ երեխան ծնվել է Հայաստանի ինչ -որ գյուղում՝ աղքատ ընտանիքում, թե՝ Երևանում՝ ապահովված ընտանիքում: Տարբերություն կախված է նաև երեխայի առողջական վիճակից , հաշմանդամություն ունի՞, թե՞ ոչ: Եվ իհարկե տարբերություն կա նաև երեխայի սեռերի միջև:

«Իհարկե այսօր հայտարարություններ են լինելու, թե որքան են սիրում երեխաներին, բայց կարծում եմ այդ սերը պետք է առաջին հերթին չափվի նրանով, թե որքան գումար ենք հատկացնում երեխաների վիճակի բարելավման համար: Պետք է աճեն նաև կրթությանը հատկացվող գումարները: Միայն կրթություն ստացած սերունդը կարող է ապահովել երկրի ապագան»:

Երեխաների պաշտպանության և խնդիրների մասին որպես կանոն հիշում ենք հունիսի 1-ին, երբ հանրապետությունում տարբեր միջոցառումներ են կազմակերպվում: Երեխաները, սակայն, պաշտպանված լինելու կարիք ունեն ամեն օր: Ի վերջո բարեկեցիկ և օրինապահ է համարվում այն երկիրը, որը բարենպաստ միջավայր է ստեղծում երեխաների համար, նկատում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Գեղանուշ Գյունաշյանը:

«Բարի մամա» հկ-ն, օրինակ, զբաղվում է մանկատան  հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներով։ Փոքրիկներ, որոնց լքում են հիվանդանոցում, որոնցից հրաժարվում են հաշմանդամության պատճառով: Մայրիկների ուժերով ստեղծված կազմակերպությանը  3 տարվա ընթացքում հաջողվել է ընտանիք վերադարձնել 97 երեխաների, «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց հկ ղեկավար Մարինա Ադուլյանը:

«Ֆոնդ 100» բարեգործական հիմնադրամն էլ օնկո հիվանդություն ունեցող երեխաների խնդիրներով է զբաղվում: 100 դրամ՝ հանուն երեխաների առողջ ապագայի: Այս կարգախոսով «Ֆոնդ 100» բարեգործական հիմնադրամն արդեն 3-րդ տարին է փորձում է օգնել քաղցկեղով հիվանդ երեխաներին: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Բալոյանը չի կարծում, թե այս երեխաների իրավունքները ոտնահարվում են: Պարզապես բուժումն է թանկ՝ ասում է:

Հատուկ կարիքներ ունեցող երեխաների խնդիրներով է զբաղվում նաև «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպությունը: Այս կազմակերպության հիմնադիր Նարինե Մանուկյանն էլ առանձնացնում է մատչելի միջավայրի խնդիրը, որը տարիների ընթացքում այդպես էլ լուծում չի ստանում:

Նարինե Մանուկյանը կարծում է, որ երեխաները պաշտպանված կլինեն միայն այն ժամանակ, երբ հասարակությունը գիտակցի, որ բացի պետությունից դրա համար պատասխանատու է նաև հասարակության յուրաքանչյուր անդամ: Երեխաների պաշտպանությունը պետք է սկսել դեռևս ընտանիքից:

Այսօր պետական մանկատներում խնամվող երեխաների 60-70 տոկոսը հաշմանդամույթուն, հատուկ կարիքներ ունեցող երեխաներն են: Իհարկե, դրական առաջընթաց է գրանցվել և պետական հաստատություններում խնամվող երեխաների թիվը զգալի նվազել է: Այժմ 6 մանկատներում և 5 գիշերօթիկ հաստատություններում ապրում են շուրջ 1000 երեխաներ, որոնց մեծամասնույթունը հատուկ կարիքներ ունեցողներն են:

Back to top button