Հասարակություն

Նիկոլ Փաշինյանի առաջին հանձնարարականը՝ Վրաստան այցից հետո

Նախկինում հայ-վրացակայն հարաբերություններում անվստահության մթնոլորտ էր, ինչն այսօր կարծես հաղթահարված է կարծում են քաղաքագետները:

Նրանք ասում են, որ հայերն ու վրացիները համագործակցության ներուժի մասին գրեթե ոչինչ չգիտեն, պոտենցյալը մեծ է և պետք խորացնել գործակցությունը: Այդ ուղղությամբ այսօր առաջին քայլն արել է վարչապետը:

Վրաստան կատարած այցից վերադառնալով Հայաստան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անմիջապես գործի է անցել: Նա տրանսպորտի ու կապի նախարարից հետաքրքրվել է թե դեպի Վրաստան տանող ճանպարհների վերանորոգման ինչ ծրագրեր կան:

«Վերջերս զբոսաշրջիկներով ավտոբուսը Բագրատաշենի անցակետից մուտք է գործել Հայաստանի տարածք և 30-40 կիլոմետր վարելով որոշել է հետ դառնալ՝ պատճառաբանելով, որ իր թանկարժեք ավտոբուսը ոչ բարվոք ճանապարհներով վարելով ջարդուփշուր կլինի»,-նշել է վարչապետը և հետաքրքրվել տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանից, թե ճանապարհների վերանորոգման ինչ ծրագրեր կան: Նախարարը տեղեկացրել է, որ խոսքը Իջևան-Նոյեմբերյան հատվածի մասին է, որտեղ ճանապարհների վիճակը վատ է:

Ի պատասխան՝ տրանսպորտի ու կապի նախարարը վստահեցրել է, որ աշխատանքները կսկսվեն մեկ-երկու օրից.

«Ուսումնասիրությունները կատարված են, նախագիծը կա, տեխնիկան տեղափոխված է և շուտով՝ այսօր, վաղը, շինարարությունն այդ հատվածում կսկսվի: Իջևան-Նոյեմբերյան 18.7 կիլոմետր հատվածի մասին է խոսքը: Այս տարվա մրցույթներից տնտեսված գումարներ ունենք, միգուցե ընդլայնենք շինարարական աշխատանքները»,-նշել է Աշոտ Հակոբյանը:

Կովկասի ինստիտուտի գիտաշխատող,  քաղաքագետ Հրանտ Միքայելյանը հատկապես կարևորում է վարչապետի Ջավախք այցը,  ուր նրան ընդունեցին մեծ ոգևորությամբ ու ջերմությամբ: Իսկ առհասարակ կարծում է, որ  հայ-վրացական հարաբերությունների հիմքում պետք է լինի փոխադարձ ինքնության հարգումը: Հենց դա պետք է լինի հարաբերությունների անկյունաքարը:

Քաղաքագետը մտածում է, որ ճիշտ կլիներ, եթե  հայ-վրացական սահմանին ազատ տնտեսական գոտի ստեղծվեր: Այնպես, ինչպես դա արվեց Իրանի հետ սահմանին, այն լայն համագործակցության հնարավորություն կտա:

«Ջավախք» բարեգործական հիմնադրամի նախագահ Արտյուշ Գրիգորյանն էլ շեշտեց Փաշինյանի ձևակերպումը՝  պետք է բացառվի երրորդ երկրների միջամտությունը հայ վրացական հարաբերություններում:  Նա ընդգծեց ջավախքահայերի համար՝ հայատառ գրքերի Վրաստան մուտքի արգելքի վերացման կարևորությունը:

Անվստահության մթնոլորտը, որ առկա էր Հայաստանի ու Վրաստանի միջև, կարծես վերանում է, և քաղաքագետները հույս ունեն, որ հարաբերությունները խորացնելու փուլ  է սկսվում:

Ցուցադրել ավելի
Back to top button