ԿարևորՀասարակություն

«Երևան Սիթի»-ում չարաշահումների սխեման գաղտնիք չէր

Ազգային անվտանգության ծառայությունը  բացահայտել է  հայաստանյան խոշոր տնտեսվարողների կողմից մշակված և երկար ժամանակ կիրառած սխեմա, որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անուններով բացված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ: 

«Ալեքս Հոլդինգ» ընկերության աշխատակիցների, վերջիններիս ընտանիքների անդամների և ծանոթների անուններով, հիմնականում նույն նոտարի մոտ գրանցել են 461 ԱՁ-ներ, որոնք էլ գործունեություն են ծավալել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում:  Սուպերմարկետի շուրջ բարձրացված աղմուկի հետքերով է գնացել «Ռադիոլուրը»:

Ազգային անվտանգության ծառայության կողմից «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցում հայտնաբերվածն խախտումները դարձել են հասարակական ակտիվ քննության առարկա։ Գաղտնիք չէ, որ  Հայաստանում ստվերային տնտեսությունը մեծ մաշտաբների է հասնում, ովքեր են դրանցում ներգրաված, նույնպես գաղտնիք չէ, « Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

«Այն, ինչ որ բացահայտվեց, աննկարագրելի էր կամ անհավատալի: Որովհետև ստվերային տնտեսության խաղի կանոնները սահմանողները եղել են այն մարդիկ, ովքեր պետք է պայքարեն  դրա դեմ: Ես նկատի ունեմ ՊԵԿ-ին և հարկային ծառայություններին: Բացատրություններից հասկացվում է, որ այդ սխեման, որով թաքցվել են հարկերը, իրենց հուշել են կամ  թելադրել հարկային բարձրաստիճան պաշտոնյաներ»:

Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ «Ալեքս Հոլդինգ» ընկերությունը, որին պատկանում է «Երեւան սիթին» 2016 թվականին ՊԵԿ նախկին ղեկավարության հետ ձեռք է բերել պայմանավորվածություն՝ տեղական գյուղմթերքի գնաճ չառաջացնելու պատրվակով, գյուղացիներից գնված մթերքի վաճառքը «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցից  իրականացնել տարբեր անձանց անուններով բացված ԱՁ-ներով։ Սա հնարավորություն էր տալիս ընկերությանը ոչ թե մուծել 20 տոկոս ավելացված արժեքի հարկ եւ շահութահարկ, այլ բացված ԱՁ- ների միջոցով շրջանառության հարկ՝ 2 տոկոս։

Երեկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել էր, որ  գյուղմթերքի մասով հարցը եղել է պայմանավորվածության  դաշտում: Այսօր մեզ չհաջողվեց կապվել ոչ հանրապետական խմբակցության նախագահի ու փոխնախագահի, ոչ ՀՀԿ մամուլի խոսնակի հետ՝ պարզելու, թե ինչ պայմանավորվածություններ են եղել։

Այնուամենայնիվ՝ ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը խորհրդարանում լրագրողներին հայտնել էր, որ խնդրին ծանոթ է երկար տարիներ: Սխեման գաղտնիք չէր:

«Բազմաթիվ առևտրի կետեր կարող եմ մատնանշել, որտեղ  առևտուր են իրականացնում մեկից ավելի տնտեսվարող սուբյեկտներ: Սուպերմարկետների նման գործելաոճը մեզ  տեղյակ է եղել: Մենք վարչարարություն  չենք իրականացրել՝ ապացուցելու, որ այդ առևտրի կետը պատկանում է  նույն տնտեսվարող սուբյեկտին»:

Վարչարարություն չեն իրականացրել, քանի որ, ըստ  ՊԵԿ փոխնախագահի, օրենքով թույլատրվում է մի տարածքում  գործունեություն ծավալել մի քանի  տնտեսվարող սուբյեկտներ: Վահագն Խաչատրյանի համար էլ, այս դեպքում  օրենքն է խոցելի:  Շատ դեպքերում  օրենքներ են ընդունվում, որոնք  պարունակում են կոռուպցիոն մեծ ռիսկեր՝ ասում է տնտեսագետ զրուցակիցս:

«Ուրեմն այդ օրենքն իր մեջ կոռուպցիոն ռիսկ է պարունակել  և փոխանակ հարկային պատասխանատուները օրենսդրական փոփոխություն անեն, իրենք շրջանցելով օրենքն ուրիշ մեխանիզմներ են  առաջարկել»:

Նախնական  հաշվարկով՝ 461 ԱՁ-ներով շրջանառությունը  կազմել է մոտ  40 միլիարդ դրամ։

Ցուցադրել ավելի
Back to top button