Քաղաքական

Վիզաների ազատականացման հարցը՝ օրակարգային

Հունիսի 1-ից ուժի մեջ է մտնում Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը։ ՀՀ շարքային քաղաքացիների առաջնային սպասելիքը, թերեւս, վիզաների ազատականացումն է:

Եթե սրան ավելացնենք նաեւ վերջերս Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրողությունների փոփոխությունն ու ժողովրդավարացմանն ուղղված քայլերն, ապա հարցն ավելի արդիական է դառնում:

Արտաքին հարաբերությունների ոլորտին առնչվող հարցերի ընթացքում խնդիրն այսօր քննարկվել է ԱԺ-ում՝ բյուջետային հաշվետվությունների ժամանակ:

ԵՄ-ը Վրաստանի հետ ավելի բարենպաստ պայմանագիր է կնքել, քան՝ Հայաստանի։ Խոսքը ֆինանսական բաղադրիչի մասին է, որի վրա ուշադրություն հրավիրեց պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Հայաստանում քաղաքական իրողությունների փոփոխության արդյունքում, հավանական է, պատկերը փոխվի: Այսինքն՝ ԵՄ ֆինանսավորումն ավելանա: Սա հաստատում է փոխարտգործնախարար Արմեն Պապիկյանը:

Հայաստանին հատկացվող ֆինանսավորումը կարող է ավելանալ 10 միլիոն եվրոյով, եթե ԵՄ-ն տեսնի, որ Հայաստանը նախանշվածից ավելի քայլեր է անում: Իսկ ընդհանրապես,  վաղվանից անցումային դրույթներով ուժի մեջ մտնող Հայաստան-Եվրամիություն 700 էջանոց նոր համաձայնագրով 4 տարվա համար Հայաստանին հատկացվում է 176 միլիոն եվրո, 36 միլիոնը՝ այս տարվա համար: Փոխարտգործնախարարը շտապում է զգուշացնել.

«Ակնկալել, որ հունիսի 2-ին մեր կյանքում որեւէ բան կփոխվի, դա միամտություն է»:

Հանձնառություններից հիմնականը, որ հետաքրքրում է շարքային քաղաքացիներին, թերեւս վիզաների ազատականացումն է: Հայաստան-ԵՄ նոր ընդունված համատեղ հռչակագրում ամրագրված է, որ Հայաստանի հետ վիզաների ազատականացման գործընթացը կմեկնարկի պատեհ ժամանակում: Փոխարտգործնախարարը մանրամասնում է, թե որն է պատեհ պահը.

«ՀՀ և ԵՄ անդամ երկրները որոշակի գործողությունների ծրագիր պետք է իրականացնեն։ Խոսքը Ռեադմիսիայի համաձայնագրի պայմանների կիրառման մասին է, նաև Հայաստանի պատրաստակամության՝ ընդունել Եվրոպայում անօրինական գտնվող ՀՀ քաղաքացիներին։ Այստեղ խնդիրը ոչ այնքան ԵՄ հանձնաժողովի կողմից համաձայնությունն է, որքան ԵՄ որոշ անդամ երկրներինը»:

Պապիկյանը վստահեցնում է՝ հարցը մշտապես ուշադրության կենտրոնում է եւ բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացնում են: Իսկ մինչ խնդիրը կլուծվի «պատեհ պահին», Հայաստանի քաղաքացիներն ստիպված են հաղթահարել բազում դժվարություններ՝ անհրաժեշտ վիզան ստանալու համար: Անցած տարիների պես, այս տարի եւս խնդրի լուծման հորդոր ուղղեց ԱԺ եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

«Շարունակում ենք ահազանգեր ստանալ մեր քաղաքացիներից, որոնց նվաստացնում են վիզայի կենտրոններում»:

Վիզաների կենտրոնը թեեւ պետական չէ եւ ենթարկվում է եվրոպական կողմին, բայց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն ամեն դեպքում որոշակի միջամտությունների իրավունք ունի:

Ցուցադրել ավելի
Back to top button