Քաղաքական

Ինչ հարցեր պետք է լուծվեն նախքան արտահերթ ընտրությունները


Թավշյա հեղափոխության անորոշություններից մեկն այն է, որ տակավին անհայտ է, թե երկրի զարգացման ի՞նչ մոդել եւ տեսլական ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը: Այս կարծիքն այսօր հայտնել է Միջազգային եւ անվտանգային հետազոտությունների հայկական ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:

«Թավշյա հեղափոխությունն ու ժողովրդավարական բարեփոխումները Հայաստանում» խորագրով քննարկում է այսօր կազմակերպել «Ելք» դաշինքի անդամ Լուսավոր Հայաստան կուսակցությունը:

Քննարկման ընթացքում միջազգային փորձագետները ներկայացրել են նաեւ տարբեր երկրներում նմանօրինակ հեղափոխություններից հետո կատարված քայլերն ու ստացված տարատեսակ արդյունքները:

Ամերիկացի տնտեսագետ Դանիել Միտչելն աշխարհում տարբեր հետհեղափոխական տնտեսական փորձերն ուսումնասիրած ամերիկյան ՀԿ կազմակերպության ներկայացուցիչ է: Կիսվելով իր տպավորությամբ՝ միաժամանակ շեշտեց, որ հայկական քաղաքականության փորձագետ չէ, որը պետք է հաշվի առնել.

«Ինչպես մենք ԱՄՆ-ում դեռ չենք կարող ասել, թե ո՞ւր մեզ կտանի արդյոք Թրամփին նախապատվություն տալը, իմ տպավորությամբ, այդպես էլ հայ հասարակությունը չի կարող եզրակացություն ունենալ, թե թավշյա հեղափոխությանն աջակցելով եւ նոր իշխանություն բերելով, ի՞նչ ճանապարհով կգնա եւ ի՞նչ արդյունքներ կունենա: Մեր ցանկությունն է, որ Հայաստանը կարողանա տնտեսական աճի, զարգացման ցատկ գրանցել եւ վերածվել տարածաշրջանի առյուծի՝ ուժի առումով, ինչպես Հոնկոնգն ասիական տարածաշրջանում կամ Չիլլին՝ Լատինական Ամերիկայում»:

Դա կհաջողվի, թե՝ ոչ, փորձագետի խոսքով, այս պահին դժվար է ասելը: Նա միաժամանակ նկատեց, որ ամերիկահայ համայնքի ներկայացուցիչները հայտնի են որպես չափազանց հաջողակ ձեռնարկատերեր, ապա ենթադրեց, որ եթե Հայաստանում էլ արդյունավետ տնտեսական քաղաքականություն կիրառվի՝ Հայաստանի բնակչությունը նույնպես կկարողանա օգուտներ քաղել եւ տնտեսական աճ ու զարգացում գրանցել:

Միջազգային եւ անվտանգային հետազոտությունների հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ հետհեղափոխական հստակ ձեւավորված օրակարգի մասին խոսելը դեռ շատ վաղ է: Փոխարենը, նրա խոսքով, կարելի է խոսել հստակ ամրագրված սկզբունքների մասին.

«Դրանք շատ չեն եւ դրանց մասին բազմիցս բարձրաձայնել է նոր կառավարությունը: Ես կարծում եմ, որ ժամանակն է դրանք վերածելու քաղաքական օրակարգի, որ այս համակարգային ռեֆորմները գնան առաջ»:

Տեսնում ենք, որ այլեւս հինը չի աշխատում եւ չի էլ կարող աշխատել, իսկ նորն առայժմ չկա՝ ասաց փորձագետը:

Միջազգային եւ անվտանգային հետազոտությունների հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանի խոսքով, ակնհայտ է, որ ներկայումս խորհրդարանը չի արտացոլում ժողովրդի կամքը: Հետեւաբար, ըստ նրա, այս կառավարության առաքելությունը, ինչպես նաեւ հայտարարվել է, իշխանության վերջնական վերադարձն է ժողովրդին, այսինքն՝ ռազմավարական թիվ մեկ խնդիրը, բոլոր դեպքերում, արտահերթ ընտրությունների անցկացումն է:

« Սա իհարկե չի նշանակում, որ կառավարությունը չի կարող չունենալ երկրի ապագայի վերաբերյալ տեսլական: Անորոշություններից մեկն այն է, որ տակավին անհայտ է, թե զարգացման ինչ մոդել եւ ինչ տեսլական ունի Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը»:

Առանցքային է լինելու կառավարության ծրագիրը, որտեղ հստակ պետք է երեւա պետության տեսլականը՝ արտաքին ու ներքին, եւ դրա իրականացման հստակ մեխանիզմները: Այդ առումով ճիշտ կլինի, թերեւս, սպասել կառավարության ծրագրին՝ ասաց Ստեփան Սաֆարյանը:

Անդրադառնալով, այն տեսակետներին, որ արտահերթ ընտրությունները չեն կարող լինել լեգիտիմ, քանի դեռ ազատ չեն արձակվել քաղաքական դրդապատճառներ ունեցող գործերով ազատազրկվածները՝ քաղաքագետ Ստեփան Սաֆարյանն ասաց.

«Պետք է լինեն ազատության մեջ, որովհետեւ պայքարը եւ մրցակցությունը կլինի անհավասար, հետեւաբար կմթագնի ընտրությունների ժողովրդավար իմիջը»:

Նույն հարցի առնչությամբ խորհրդարանական «Ելք» դաշինքի անդամ Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծիք հայտնեց, որ մինչեւ ընտրություններ այդ խնդիրները լուծված կլինեն:

Փորձագիտական շրջանակներում գերակշռում է տեսակետը, որ արտահերթ ընտրությունների նախապատրաստվելու համար ժամանակ է նաեւ պետք, քանի որ դրանց արդյունքները որեւէ մեկի մոտ կասկած չպետք է հարուցեն՝ ո՛չ Հայաստանի ներսում, ո՛չ էլ Հայաստանից դուրս:

Back to top button