Հասարակություն

Ժողովրդագրական իրավիճակը՝ մտահոգիչ ու ոչ բարենպաստ

Ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում շարունակում է մնալ մտահոգող: Թվերը դարձյալ լավ բան չեն հուշում: Ի՞նչ լուծումներ են առաջարկում իրավիճակով մտահոգ մարմինները, մասնագետները:

Հայաստանում ստեղծված նոր իրավիճակն ու վերջին փոփոխությունները որքանո՞վ կազդեն երկրի ժողովրդագրական պատկերի վրա:

 

 

Ինչ են փաստում մեր երկրի ժողովրդագրական իրավիճակը բնութագրող վիճակագրական ամենաթարմ տվյալները: «Իրավիճակը մտահոգիչ է ու ոչ բարենպաստ»,- գնահատելով վերջին երկու տարիների դինամիկան՝ ասում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  ժողովրդագրական բաժնի պետ  Վանիկ Բաբաջանյանը:

«Տեղի է ունենում բնակչության մշտական թվաքանակի կրճատում, ծնունդների թվաքանակը ևս նվազում է: Ամուսնությունների ու ամուսնալուծությունների դեպքում ևս ունենք բացասական դինամիկա»:

Ներկայացված ցուցանիշների պատճառների մասին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի  հայաստանյան գրասենյակի  գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանի պարզաբանումներն այսպիսին են:

«Ինչու է ծնելիության դինամիկան շարունակում նվազել, որովհետեւ վերարտադրողական տարիք են մտնում 2000 թ-ի ծնվածները, եւ եթե համեմատենք ծնունդների հետ 1990 -ի հետ, որ գրեթե 80000 է եղել՝ 93 թ-ին ունեցել ենք շուրջ 59 հազար ծնունդ, ապա 2001 թ-ի ծնունդները 32000 են»:

Սեռով պայմանավորված աբորտները ևս իրենց բացասական ազդեցությունն են ունեցել երկրի ժողովրդագրական պատկերի վրա: «2011-ի ցուցանիշներով՝ Հայաստանում  տարեկան չի ծնվել  շուրջ  2000 մայր, սակայն վերջին տարիներին իրավիճակը փոխվել է. այս ոլորտում ունենք դրական դինամիկա»,-ասում է «Մարդկային զարգացման  միջազգային կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն  Արմեն Գալստյանը:

Եթե 2011-ին հարցման ենթարկվածների  ընդամենը 35 տոկոսն էր, որ չէր կարևորում աղջիկ թե տղա երեխա է ունենալու, ապա 2016-ի տվյալներով այս հարցում չեզոք դիրք գրավող ծնողների թիվը կազմում է շուրջ 80 տոկոս: Արմեն Գալստյանի խոսքով, սա լավ քարոզչության արդյունք էր, սակայն զուտ քարոզչությամբ երկրի ժողովրդագրական խնդիրների լուծումն անհնար է պատկերացնել:

Այստեղ լուրջ, նրա բնորոշմամբ, ինստիտուցիոնալ փոփոխություններ են անհրաժեշտ: Ծովինար Հարությունյանի տվյալներով, մինչ երկրում տեղի ունեցած վերջին փոփոխությունները, մեր բնակչության 44 տոկոսն իր հույսը չէր կապում Հայաստանի հետ:

Ինչպես հայտնի է, աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարարը հանդես է եկել ընտանիքում երկրորդ երեխայի նպաստի չափը եռապատկելու առաջարկությամբ, ինչն ամենայն հավանականությամբ կընդունվի, սակայն մասնագետները կարծում են, որ դա կարող է ընդամենը մեղմել ընտանիքի սոցիալական բեռը, իսկ ժողովրդագրական պատկերի վրա որևէ կերպ ազդել չի կարող: Խնդիրը կարգավորելու անհրաժեշտ նախապայմաններից առաջինը, ըստ նրանց,  աշխատատեղերի ստեղծումն է:

Back to top button