Հասարակություն

«Ելք» եւ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները հորդորել են քաղաքապետին հրաժարական տալ


Երեւանի ավագանու «Ելք» եւ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներն այսօրվա նիստում հորդորել են քաղաքապետ Տարոն Մարգարյանին հրաժարական տալ՝ ելույթներում բարձրաձայնելով քաղաքապետարանի, իրենց բնորոշմամբ, անօրինությունները։

Նրանք նաեւ բողոքել են, որ ավագանու նիստում ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր չկան, դրա փոխարեն հուշատախտակների տեղադրմանը մասին հարցեր են։

 

Հուշատախտակների տեղադրման մասին Երևանի ավագանու օրակարգային հարցերը բացի ավագանու Հանրապետական խմբակցությունից  ոչ մի խմբակցության չհետաքրքրեց: «Ելքից» Անահիտ Բախշյանն այն որակեց անգույն, անդեմ, անհոտ:

«Հորդորել մեզ  օրակարգի շուրջ խոսել, դա քաղաքական չէ։ Հետևաբար, ստիպված ենք օգտագործել այս հնարավորությունը այլ հարցերի մասին խոսելու համար»:

Ապօրինի շինարարությունների թույլտվությունից մինչև  պոլիկլինիկաներում և դպրոցներում չարաշահումների վերաբերյալ ահազանգերի մասին էր «Ելք» խմբակցության  մյուս անդամների ելույթները:  Նշված խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն անդրադարձավ թիվ 16 և 19 պոլիկլինիկաների շուրջ ստեղծված աղմուկին և գործադուլներին:

Ավագանու անդամը  քաղաքապետարանից խնդրեց պարզաբանել, թե երբ են պատրաստվում լուծում տալ նշյալ պոլիկլինիկաների ղեկավարների հետ կապված խնդիրներին: Երևանի քաղաքապետի տեղակալ  Դավիթ Օհանյանն էլ պատասխանեց, որ բուժհաստատություններում պարբերաբար  ստուգումներ կատարել են և չեն հայտնաբերել որևէ լուրջ խախտում:


«Այն մեղադրանքները, որոնք  ներկայացված են  տվյալ պոլիկլինիկաների տնօրենների նկատմամբ, չեն համապատասխանում իրականությանը: Չնայած դրան՝ Օհանյանը խոստացել է ընթացք տալ դժգոհություններին և կրկին ուսումնասիրել խնդիրը»:

Հարց ու պատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն անդրադարձավ կրթօջախների խնդրին: Այն, որ հեղափոխությունից հետո  ուսուցչական կազմը սկսեց խոսել իր ոտնահարված արժանիքների և դպրոցում չարաշահումների մասին:  Նա  հետաքրքվեց, թե որքան պետք է հանդուրժեն օրինազանց տնօրեններին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանեց հարցին:

«ՄԵր ծառայությունների կողմից, ըստ ոլորտների, հսկողություններ իրականացվում են»:

«Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էլ  արտահերթ ելույթի ընթացքում պահանջեց ավագանու օրակարգում ընդգրկել նաև քաղաքացիների բողոքները լսելու հարցը: Մերժում ստանալուց հետո  ավագանու անդամը դուրս եկավ նախասրահ և այնտեղ կազմակերպեց  ավագանու այլընտրանքային նիստ քաղաքապետարան բողոքելու եկած քաղաքացիների մասնակցությամբ։ Արդեն ընդմիջման ժամանակ Արարատյան 2-րդ զանգվածի Կուրղինյան նրբանցքի բնակչուհի Թեհիմնա Վարդանյանի բողոքը լսում էր փոխաքաղաքապետ Դավիթ Օհանյանը:

Բողոքող քաղաքացիների ավագանու նիստին մասնակցելու «Երկիր ծիրանի» խմբակցության ավագանու անդամների ջանքերը ապարդյուն էին: Քաղաքային իշխանությունը հորդորեցին խնդիրները ներկայացնել նախատեսված ընդունելության օրերին:

Back to top button