Մշակույթ

«Մանոն» ներկայացման երեւանյան պրեմիերային ներկա կլինի նաեւ Ֆրանսիայի նախագահը


Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում մայիսի 29-ին տեղի ունեցավ համերգ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Օպերային թատրոնի մենակատարները հանդես եկան եվրոպական ու հայկական դասական ստեղծագործություններով: Տոնական համերգից առաջ լրագրողների հետ հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության  պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանը:

 

 

«Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ այս նախաձեռնությունն իրականացնելը մեզ համար մեծ պատիվ է ու հպարտանալու առիթ: Սա Եվրոպայի օրվա տոնակատարությունների ծրագրի մշակութային ամենավառ իրադարձությունն է»,-Եվրոպայի օրվան նվիրված տոնական համերգին նախորդած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության  պատվիրակության ղեկավար, դեսպան  Պյոտր Սվիտալսկին:

Դեսպան Սվիտալսկին շեշտեց, որ համերգն անցկացվում է օպերային ձևաչափով, քանի որ օպերան ինքը սերն է, իսկ Հայաստանում իրականացված սիրո էվոլյուցիան հրաշալիորեն ներդաշնակվում է տոնական միջոցառման հետ: Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար ու տնօրեն Կոնստանտին Օրբելյանը խոստովանեց, որ ի սկզբանե նախատեսված էր բացօթյա օպերային երեկո իրականացնել, սակայն եղանակային պայմանների պատճառով այն իրականացվում է Օպերային թատրոնում: Ասուլիսին հաջորդած համերգին  հանդես եկան Երևանի օպերային թատռրոնի ամենավառ մեներգիչները՝ կատարելով արիաներ եվրոպական ամենասիրված օպերաներից: Անդրադառնալով Օպերային թատրոնի գործունեությանն ու առաջիկա ծրագրերին, մաեստրոն կատակեց. «Իրադարձություններն այստեղ չափազանց արագ են զարգանում: Անգամ եվրոպական արվեստի արտահանում ենք կազմակերպում»:

Մաեստրոյի տեղեկացմամբ, հուլիսի 24-ին Երևանի օպերային թատրոնը «Գայանե» բալետով հանդես կգա Մոսկվայի Մեծ թատրոնի պատմական բեմում: Օրբելյանի խոսքով, Երևանի օպերային թատրոնի բալետային խումբը  1975 թվականից հետո այս բեմում հանդես չի եկել: Հայկական օպերային թատրոնի արտիստները Բիզեի «Կարմեն»-ով սեպտեմբերին կմեկնեն Դուբայ: «Կախարդական սրինգ»-ի նոր ներկայացմամբ սեպտեմբերի վերջին հրավեր ունեն նաև Քուվեյթից:

«Քուվեյթի նորակառույց օպերային թատրոնի շենքում առաջին օպերային բեմադրությամբ հանդես գալու պատիվն ընձեռնվել է մեզ»,-հպարտությամբ նշում է Օրբելյանը: Հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին նվիրաված միջոցառումների շրջանակում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հանդես կգա «Մանոն» ներկայացմամբ: Պրեմիերային ներկա կլինի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Մանոն» նրա ամենասիրելի օպերան է, բացահայտել է մաեստրո Օրբելյանը։

Back to top button