Քաղաքական

Ինչպե՞ս է այսօր ապրում սիրիացին

լուսանկարը՝ Արմենպրեսի

Հայրենիքում գտնվող Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանն ուրախությամբ այսօր հայտնել է, որ սիրիացիների կյանքն արդեն մտնում է բնականոն հուն:

Սիրիացու խնդիրներից մինչեւ հայերանադարձության կազմակերպում, տարածքային ամբողջականության վերականգանման հնարավորությունից մինչեւ պարտադրված պատերազմի հետեւանքների վերացում՝  «Ռադիոլուրի» հարցազրույցում:

 

Պարտադրված պատերազմ, որը մասնատեց Սիրիայի Հանրապետությունը, բայց ժամանակավոր՝ ասում է Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, հույս հայտնում, որ Սիրիան անպայման կկարողանա վերականգնել իր երկրի տարածքային ամբողջականությունը, զոհ չի դառնա գերտերությունների քաղաքականությանը:

«Չեմ ասում ամբողջ երկիրն է ազատագրված: Կան այսօր շրջաններ, որոնք բանակի ազատագրման ծրագրի մեջ են»:

Ըստ պատգամավորի՝ պարտադրված պատերազմի ընթացքում երկիրը հսկայական վնասներ է կրել, այսօր կառավարությունը կանգնած է խոշոր նյութական պարտավորությունների առջև, ու պետություն-ժողովուրդ համագործակցության արդյունքում միայն հնարավոր կլինի գտնել նյութական միջոցներ՝ Սիրիայի վերականգնման ծրագրերն իրագործելու համար: Հայ համայնքի պարագայում, ազգային կենտրոնների աջակցությամբ վերականգնվում են կրթօջախները, ազգային կառույցները՝ հայտնում է Ժիրայր Ռեիսյանը:

Ինչպե՞ս է այսօր ապրում սիրիացին: Պատգամավորը լավատեսությամբ է նայում ապագային.

«Օրեր են եղել, երբ տևական ժամանակ չենք ունեցել ջուր, էլեկտրականություն: Այսօր իրավիճակն այլ է, օրվա 10 ժամից ավելի հոսանք ենք ունենում, ջրամատակարարման հարցը կարգավորվել է»:

Ժիրայր Ռեիսյանը նշում է, որ նկատելի թվով ընտանիքներ վերադարձել են, երեխաները հաճախում են դպրոցներ: Պատգամավորի տեղեկացմամբ, հայերից ոմանք իրենց նախկին գործն են վերականգնում, ոմանք նոր գործ են սկսում, ու հիմնականում զբաղված են արհեստագործական եւ առևտրի ոլորտներում։

Back to top button