Տնտեսական

Պետական պարտքը կայունացել է. Ատոմ Ջանջուղազյան

ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօրվանից սկսվել է 2017 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը:

Այսպիսի քննարկումները խորհրդարանում ունենք ընդունված կարգ՝ աշխատանքների սկզբում վարչապետը գնահատում է կատարված աշխատանքը, հետո ճյուղային հատկացումների համար հաշվետու են նախարարներն ու գերատեսչությունների ղեկավարները:

Այս անգամ ընթացքը փոքր ինչ այլ էր՝ քաղաքական իրողությունների փոփոխության պատճառով:

Հեռացած վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության բյուջեն խորհրդարանում չներկայացրեց նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա պարզապես եկել էր խորհրդարան, բայց անցյալ տարվա բյուջեի կատարողականին գնահատականներ չտվեց, ելույթ չունեցավ:

Բոլոր գնահատականները թերեւս հայտնի են ԱԱԾ հայտարարություններից եւ աշխատանքից՝ «Նորֆոլկ քոնսալթինգ»-ի մաքսային կոռուպցիոն սխեմայի բացահայտում եւ խոշոր սուպերմարկետներին հարկային դաշտ վերադարձնելու քայլեր: Խորհրդարանից հեռանալուց առաջ վարչապետը զգուշացրեց՝ թուլության որեւէ դրսեւորում չի լինելու:

Այսօր խորհրդարանում էր նաեւ Պետեկումտների կոմիտեի նորանշանակ ղեկավար Դավիթ Անանյանը: Հաստատեց՝ կան խոշոր ընկերություններ, որոնք շրջանցող ձեւակերպումների եւ տրվող ՀԴՄ-ների շնորհիվ տարիներ շարունակ պետությանը վճարել են ոչ թե նախատեսված 20 տոկոսի, այլ ընդամենը 5 տոկոսի հարկ: Այդ ընկերությունների սեփականատերերի հետ դեռ չեն հանդիպել, երեկ խոսել են ֆինանսական պատասխանատուների հետ եւ ժամանակ են տվել:

Այսպիսի չարաշահումների պատճառով որքան գումար չի մուտքագրվել բյուջե՝ այս հաշվարկը թերեւս չգիտեն ոչ նախարարները, ոչ էլ՝ պատգամավորները: Սերգեյ Բագրատյանը պարզապես ենթադրում է, որ խոսքը հարյուր միլիարդների մասին է:

Ի դեպ՝ ՊԵԿ նախագահը խորհուրդ է տալիս չշտապես «Նորֆոլկ»-ի հետ կապված գնահատականներում: Դավիթ Անանյանը համակարգում եղել է նաեւ նախկին իշխանությունների ժամանակ։ Նրա մասնագիտական գնահատականներով ստացվում է, որ իրականում «Նորֆոլկ»-ը ստեղծվել է լավ նպատակներով եւ չի բացառվում, որ ունեցել է իր օգտակար ազդեցությունը:

Վերոնշյալ բոլոր խնդիրները եղել են 2017-ին՝ հաշվետու բյուջեի ժամանակաշրջանում: Փաստաթուղթը ներկայացնելու գործը տրվել էր ֆինանսների նորանշանակ նախարար Ատոմ Ջանջուղազյանին: Ի վերջո՝ գլխավոր գանձապահ եղած ժամանակ լավատեղյակ էր բյուջեից: Ամենակարեւորը, որ նշեց Ջանջուղազյանը, տնտեսական աճն էր. նախատեսված 3.2 տոկոսի փոխարեն արձանագրվեց 7.5 տոկոսի իրական աճ: Այստեղ արդեն Դավիթ Անանյանը, Ատոմ Ջաջուղազյանը եւ Միքայել Մելքումյանը անդրադարձան այդպես էլ չբարձրացած կենսաթոշակների խնդրին:

Փոխարենը՝ Ջանջուղազյանն ունի լավ լուր. զսպող հարկաբյուջետային քաղաքականության շնորհիվ պետական պարտքը կայունացել է: Ընդհանուր պարտքի մակարդակը ՀՆԱ-ի 58.8 տոկոսն է:

Ի դեպ՝ այսօր խորհրդարանում էր նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանը: Իր ղեկավարած ոլորտի հաշվետվության օրը չէր, այդ ճյուղային հաշվետվությունը կլինի մի քանի օրից:

Բայց այսօր Թանդիլյանը հաստատեց՝ նախարարությունում տարբեր բնույթի խախտումներ են հայտնաբերվել։ Այս պահին ԱԱԾ-ն ուսումնասիրություններ է կատարում նաեւ այս նախարարությունում՝ հետագայում խնդիրներին առարկայական անդրադառնալու եւ լուծում տալու համար:

Back to top button