Քաղաքական

Ֆրանսիան կշարունակի մնալ Հայաստանի կողքին. Ժան-Իվ Լը Դրիան

Հայաստանի Հանրապետության 100 -ամյակին Հայաստանում են Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը:

Առավոտյան Ժան-Իվ Լը Դրիանը այցելել է  Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այցելել է նաեւ Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր, ինչը, ըստ ֆրանսիացի դիվանագետի, հայերի փրկություն գործում հայ-ֆրանսիական բարեկամության կարևոր դրսևորումներից է:

Առանձնաշնորհյալ. հայ-Ֆրանսիական հարաբերությունները այսպես է որակում  ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Ֆրանսիացի իր պաշտոնակցի Հայաստան այցը նա խորհրդանշական է համարում:  Ժան-Իվ Լը Դրիանը  առաջին դիվանագետն է, ով Հայաստան է այցելում ներքաղաքական զարգացումներից ու նոր կառավարության ձևավորումից հետո, և Առաջին հանրապետության հարյուրամյակի օրը:

«Ես այստեղ եմ ժամանել Հայաստանի Առաջին հանրապետության անկախության օրը: Շատ զգացված ու հուզված եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր ու նաև Մուսալեռ այցերից: Մուսա լեռում  բացվեց հայֆրանսիական դարավոր բարեկամությունը խորհրդանշող աղբյուրհուշարձանը՝  ի հիշատակ Ֆրանսիայի նավատորմի։ Դա պատմական դրվագ է Հայաստանի պատմության համար: Նավաստիների մի մեծ մասը կարողացել է օգնության հասնել հայերին այդ դժվար պահին»:

Նա վստահեցրեց, որ  Ֆրանսիան կշարունակի մնալ Հայաստանի կողքին ՝ օգնելով կառուցել իր ժողովրդավարությունը: Ժան-Իվ Լը Դրիանը տեղեկացրեց, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստան կգա աշնանը, ինչը երկու երկրների համար կարևոր իրադարձություն է: Կարևոր իրադարձություն է  Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որի շրջանակում տարբեր երկրներից մեծ թվով պատվիրակություններ են ժամանելու Երևան՝ ասաց:

Ֆրանսիան արցախյան խնդրի կարգավորման գործընթացում միջնորդ երկիր է  և Փարիզը վճռական է շարունակելու դերակատարությունը: Ֆրանսիան խաղաղության ու կայունության կողմնակից է  և անընդունելի է համարում ուժի կիրառումը: Խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ ասաց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարը:

ՀՀ ԱԳ նախարարն Զոհրաբ Մնացականյանն էլ կարևորեց  Ֆրանսիացի պաշտոնակցի հետ ստորագրված միջկառավարական համաձայնագիրը, որը պետք է զարգացնի համագործակցությունը Ֆրանսիայի զարգացման գործակալության հետ:

Առևտրատնտեսական կապերի առավել ակտիվացման մասին Զոհրաբ Մնացականյանը խոսել է նաև Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի հետ, կարևորվել է Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի և հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը:

Հայաստանը նպատակադրված է առավել զարգացնել հայ-ամերիկյան բարեկամ գործընկերությունը՝ ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը պատրաստակամություն հայտնեց Հայաստանի նոր վարչակազմի հետ համատեղ գործնական քայլեր ձեռնարկելու՝ միտված հայ-ամերիկյան հարաբերությունների խորացմանը:

ԱՄՆ-ի ևս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է ու  բնականաբար  չի շրջանցվել խնդրի կարգավորման հարցը: Երկուստեք ընդգծվել է  խաղաղությանը միտված մթնոլորտի ձևավորման և ամրապնդման անհրաժեշտությունը։

Back to top button