ԿարևորՔաղաքական

Թբիլիսին` հատուկ քաղաք բոլորի համար․ ՀՀ նախագահը հարցազրույց է տվել «Ռադիոլուր»-ին


Վրաստանը յուրահատուկ երկիր է, որի հետ կողք կողքի ապրելով հազարավոր տարիներ, երբևէ որևէ լուրջ տարաձայնություն չենք ունեցել։ Այս մասին Վրաստան կատարած այցի ավարտին ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ Թբիլիսիում հարցազրույց տալով Հանրային ռադիոյին և «Ալիք» մեդիային։ Նախագահը խոսել է հայ-վրացական հարաբերությունների, ԵՄ-Հայաստան համաձայնագրի, այդ հարցում Վրաստանի ունեցած փորձի մասին։

Հայաստանի նախագահի պաշտոնում առաջին արտասահմանյան այցը կատարելով Վրաստան, Արմեն Սարգսյանը նկատում է, որ երկստեք դրական կամք կա հարաբերություններն էլ ավելի զարգացնելու ուղղությամբ։

«Ես միայն հայ-վրացական հարաբերությունների բարելավում եմ ակնկալում»։


Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիրը ստորագրել է անցյալ տարեվերջին, մինչդեռ հարևան Վրաստանը մի քանի տարի առաջ և այսօր արդեն տեսնում է արդյունքները։ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նկատելով, որ ԵՄ-ի հետ երկու երկրների ստորագրած փաստաթղթերը տարբերվում են, միևնույն ժամանակ նշում է, որ Հայաստանն իր դիրքերն աննախադեպ է դարձրել։

«Մենք դարձել ենք կամուրջ ԵՏՄ-ի և Եվրամիության միջև։ Անշուշտ Վրաստանը ԵՄ-ի հետ ունի առավել խորը համագործակցություն և ես ուրախ եմ ասելու, որ շատ բան ունենք սովորելու ԵՄ-ի հետ վրացական փորձից ու համագործակցությունից․․․»

Ըստ Հայաստանի նախագահի, Վրաստանը ոչ միայն հարևան երկիր է, այլ մի երկիր, որի հետ կողք կողքի հայերն ապրում են հազարավոր տարիներ, միասին կիսում իրենց մշակույթը, շատ դեպքերում նույն պատմությունը։ Վրաստանը յուրահատուկ երկիր է, որի հետ կողք կողքի ապրելով հազարավոր տարիներ, երբևէ որևէ լուրջ տարաձայնություն չենք ունեցել։


«Եթե հետհայաք նետենք հայ-վրացական հարաբերությունների պատմությանը, կտեսնենք, որ դա հիմնականում խաղաղ ընթացք է ունեցել, ինչը մեծ ձեռքբերում է»։

Բացի այդ, բազմաթիվ հայեր Վրաստանը դարեր շարունակ իրենց տունն են համարել, որը նրանք  կառուցել ու շենացրել են․

«Երբ ես քայլում եմ այս քաղաքում, հպարտանում եմ հայերի կառուցած շինություններով»։

Հայաստանի նախագահը կարծում է, որ Թբիլիսին հատուկ քաղաք է ոչ միայն իր համար, քանի որ կինն արմատներով Թբիիսիից է, այլ նաև բոլորի համար․

«Ես հիշում եմ խորհրդային տարիներին մի միտք կար՝ «Թբիլիսիի քաղաքացի», որովհետև Թիֆլիսում ոչ միայն վրացիներ, այլև հայեր, հրեա, հույն, ռուսներ և շատ այլ ազգություններ են կողք կողքի ապրել, բազմազգ, բազմամշակույթ ու բազմակրոն քաղաք է»։


Արմեն Սարգսյանը հիշեց մի դեպք, երբ 1994-ին Թբիլիսիում էր, նախկին նախագահ Էդուրադ Շևարդնաձեի հետ շրջել է քաղաքում։

«HSBC բանկի իմ ընկերներից մեկը, ով ծագումով հրեա է, զարմացել էր, երբ միասին վրացական, հայկական եկեղեցիներ այցից հետո սինագոգում տեսավ, թե րաբբին ինչպես է հայերեն խոսում այնպես, ինչպես ես»Դա, ըստ նախագահի, ցույց տվեց Թբիլիսիի ոգին, երբ բոլորը՝ տարբեր ազգերի ներկայացուցիչ քաղաքացիները խոսում են մի քանի լեզուներով։

Back to top button