Մշակույթ

Թբիլիսին 104-րդ անգամ նշեց սայաթնովյան «Վարդատոնը»


Թբիլիսիում արդեն104-րդ  անգամ նշել են սայաթնովյան «Վարդատոնը»: 104 տարի անընդմեջ մեծ քնարերգուի երկրպագուները մեկական վարդ են դնում նրա շիրիմին ու ըմբոշխնում Սայաթ-Նովայի թողած ժառանգությունը: Տոնին ներկա են եղել Վրաստանի Հաշտության եւ քաղաքացիական իրավահավասարության փոխնախարարը, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, Վրաստանում ՀՀ դեսպանը, Վիրահայոց թեմի առաջնորդը, Հայաստանի և Վրաստանի գրողների միության նախագահները և այլք։

 

Ամեն տարի Թբիլիսիի կենտրոնում` ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող Մեյդան թաղամասում, հազարավոր քաղաքացիներ ունկնդրում են մեծ սիրերգի ստեղծագործությունները, որոնք  ծնվել են  բազմազգ երկրում, Կովկասի երեք ժողովուրդների լեզուներով (հայերեն, վրացերեն և թուրքերեն) ու դարձել բոլորինը։


«Սայաթնովյան Թիֆիսից հարյուրավոր տարիներ են անցել, սակայն քաղաքը նույնն է մնացել իր հանդուրժողականությամբ ու բազմազանությամբ։ Ես հավատում եմ, որ քաղաքի ոգին շարունակելու է այսպես մնալ»,-«Ռադոիոլուր»-ի հետ զրույցում ասել է Վրաստանի Հաշտության եւ քաղաքացիական իրավահավասարության փոխնախարար Լաշա Դարսալիան։


Շնորհավորելով տոնի առիթով, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը վիրահայերին  փոխանցել է Սայաթ-Նովայի պատգամը․ «Սայաթ-Նովան  ապրելով Թիֆլիսում հայկական կրթություն ստացավ,  բայց գեղեցիկ հայերենով, վրացերենով ու թուրքերենով ստեղծագործեց։ Կոչ եմ անում ձեր տարեք Թբիլիսիի հայկական դպրոցներ, որտեղ այսօր էլ տալիս են հրաշալի կրթություն, որպեսզի Սայաթ-Նովան կարողանանք իր գեղեցիկ հայերենով կարդալ»։


«Վարդատոնը» սկզբնավորվել է դեռ անցյալ դարասկզբին. 1913թ. առաջին անգամ հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի, գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի և վրաց գրականագետ Իոսիֆ Գրիշաշվիլու նախաձեռնությամբ տոնվեց բանաստեղծի ծննդյան 200-ամյակը, իսկ մեկ տարի անց սուրբ Գևորգ եկեղեցու բակում տեղի ունեցավ նրա հուշարձանի բացումը:


Դրանից հետո թբիլիսահայերը ամեն տարի գալիս են մեկական վարդ դնելու Սայաթ-Նովայի շիրիմին, ըմբոշխնելու նրա թողած ժառանգությունը:

Back to top button