Մշակույթ

Լեգենդար երգչի Հայաստան առաջին, բայց ոչ վերջին այցը

Սոցցանցերում բուռն քննարկվում է լեգենդար երգիչ Էլթոն Ջոնի այցը Հայաստան:

Բրիտանացի երգիչը Հայաստան է ժամանել իր ամուսնու հետ և  մարզական հագուստով, նաև հայտարարել է, որ պատրաստվում է աջակցել Հայաստանի ԼԳԲՏ համայնքին:

Ինչպես նրա հագուստը, այնպես էլ հայտարարությունը սոցցանցերում հակասական կարծիքների և մեկնաբանությունների առիթ են դարձել:

 

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով Հայաստան է ժամանել բրիտանացի աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը։ 71-ամյա լեգենդար երաժիշտը Հայաստան է ժամանել իր զուգընկերոջ՝ 55-ամյա ռեժիսոր, պրոդյուսեր Դեյվիդ Ֆըրնիշի հետ։  Էլթոն Ջոնը կարևոր առաքելությամբ է Հայաստանում՝ երեխաներին օգնելու, աջակցություն ցույց տալու համար՝ նշել է նախագահ Արմեն Սարգսյանը:


Անձամբ Էլթոն Ջոնը կարծում է, որ Հայաստանը մեծ էներգետիկա ունեցող երիտասարդ պետություն է: Վստահ է, որ  նոր նախագահն ու նոր վարչապետը դրական փոփոխություններ կբերեն Հայաստանին, իսկ ինքը երջանիկ է, որ կարող է «փոփոխությունների ցունամիի մաս դառնալ», «Ազատության» հետ զրույցում ասել է երգիչը:

«Մենք բազմաթիվ հայ ընկերներ ունենք Անգլիայում և Ամերիկայում։ Պարոն Րաֆֆի և Բոբ Մանուկյանները [հայազգի գործարար եղբայրներ] մեր թանկագին ընկերներն են, նրանք միշտ խոսում են Հայաստանի մասին, թե ինչպես է զարգանում այս երիտասարդ պետությունը։ Գիտենք, որ այն անկախացել է մոտ 25 տարի առաջ, ու միշտ ուզում էինք գալ այստեղ։ Հիմա այստեղ ենք, որպեսզի մեր աչքով տեսնենք այն առաջընթացը, որ այս երիտասարդ պետությունն է արձանագրում:

Էլթոն Ջոնը ներգրավված է բազմաթիվ բարեգործական ծրագրերում, իսկ իր անունը կրող հիմնադրամը պայքարում է ՁԻԱՀ-ի տարածման դեմ։  Երգիչը հուսով է, որ այստեղ որոշ աշխատանք կկատարեն ոչ միայն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում, այլև  ԼԳԲՏ համայնքի համար։

«Մենք եկել ենք այստեղ հանդիպելու այդ մարդկանց՝ նրանց հետո կապ հաստատելու, ծանոթանալու համար, որպեսզի կարողանանք օգնել նրանց։ Միշտ էլ հաճելի է օգնել, որ փոփոխություններ լինեն, փոխել մարդկանց մտածելակերպը։ Դա արագ տեղի չի ունենում, բայց անհնար բան չէ»։ 

Եթե Էլթոն Ջոնի Հայաստան այցելելը հայ հասարակության կողմից շատ բուռն և դրական արձագանք ստացավ, ապա լեգենդար երգչի ԼԳԲՏ համայնքին աջակցելը դարձյալ բուռն, բայց ոչ այնքան դրական ընդունվեց: Նրա այս հայտարարությունը հիմնականում սկսեց քննարկվել ֆեյսբուք սոցիալական ցանցում։ Օգտատերերից մեկը հետևյալ գրառումն է կատարել.

«Մի փոքր կոշտ, բայց անկեղծ ձևակերպեմ միտքս.
Խոսքս ուղղված ԼԳԲՏի արժեքներ պրոպագանդողներին! «Սիրո և հանդուրժողականության» ծածկոցի տակ հանկարծ չփորձեք միասեռամոլության, արյունապղծության ու մանկապղծության գաղափարներ սերմանել Նոր Հայաստանի մեջ»։

Նմանատիպ գրառումներ կարելի է հանդիպել այլ էջերում եւս։ Սակայն եղան նաեւ այլ մեկնաբանություններ։

«Անկախ ձեր ցանկությունից, սիրելի հայրենակիցներ, Հայաստանում կա ԼԳԲՏ համայնք։ ԼԳԲՏ ներկայացուցիչները վճարում են հարկեր, մասնակցում են պետականաշինությանը, ծառայում են բանակում, նրանք էլ ձեզ պես ունեն պարտականություններ և իրավունքներ»։

Սոցցանցերում բավականին բուռն քննարկում ծավալվեց նաև Էլթոն Ջոնի հագուստի շուրջ: Նա Հայաստան էր ժամանել մարզահագուստով և շատ հանդիպումներում հավատարիմ մնաց այս ոճին: Ի զարմանս շատերի,  նախագահական նստավայրում լեգենդար երգիչը ներկայացել է   ինչպես հարկն է:  Հաղորդավար, պրոդյուսեր Ռաֆայել Հովհաննիսյանն այս առիթով հետևյալ մեկնաբանությունն է թողել.

«Հավաստի աղբյուրներից տեղեկացա, որ տեղի է ունեցել Էլթոն Ջոնի եւ ՀՀ նախագահի արդեն պաշտոնական հանդիպումը, որտեղ երաժիշտը սիրուն, գունավոր կոստյումով է: Նրանից հանվում են բոլոր մեղադրանքները, բացի ԼԳԲՏ քարոզչությունը: Ներող, սըր Ջոն»:

Այս դեպքում էլ, սակայն, քննարկում ծավալվեց Էլթոն Ջոնի գունավոր կոստյումի և կրծքավանդակի վրա ասեղնագործված ծաղիկի շուրջ:

Ցուցադրել ավելի
Back to top button