ԿարևորՔաղաքական

Վրաց բարեկամները ևս պետք է մեզ հետ լինեն․ ՀՀ նախագահ

Հայաստանի  4-րդ նախագահ Արմեն Սարգսյանն առաջին այցը կատարեց Թբիլիսի՝ Վրաստանի անկախության 100-ամյակի առթիվ հինգ երկրների նախագահների հետ մասնակցելով տոնական միջոցառումներին։

«Ես Վրաստան եմ եկել որպես հայ ժողովրդի ներկայացուցիչ, որպես նախագահ՝ անկախության հռչակման 100-ամյակի առթիվ շնորհավորելու մեր վրաց բարեկամներին և ցույց տալու, որ մենք իրենց հետ ենք, ինչպես և իրենք պետք է մեզ հետ լինեն»,-աշխատանքային այցի ավարտին Սուրբ Գևորգ եկեղեցում թբիլիսահայերի հետ հանդիպմանն ասել է Հայաստանի նախագահը։


Արմեն Սարգսյանը նշել է՝ չպետք է մոռանալ, որ առաջին հանրապետության առաջին կառավարությունը ստեղծվեց ոչ թե Երևանում, այլ հենց այս քաղաքում, և անկախության հռչակագիրը ծնունդ առավ այս քաղաքում, որը հայ ժողովրդի մշակութային, հոգևոր ու քաղաքական կենտրոնն էր․

«Ճիշտն ասած ես եկել ե մ Թիֆլիս, որ նույն ճանապարհն անցնեմ, Թիֆլիսից դեպի Երևան․․․»,-Արմեն Սարգսյանի խոսքերը ծափողջյուններով են ընդունել ներկաները։

1918 թ-ի մայիսի 26-ին՝ Անդրկովկասյան սեյմի լուծարման օրը, Թվիլիսիի երիտասարդության ազգային պալատում իր անկախությունը հռչակեց Վրաստանը, այնուհետև Ադրբեջանն ու Հայաստանը։

Նախագահը նշել է, որ այսօր եկել է այն ժամանակը, որ Հայաստանը դրսում ապրող իր զավակներին ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնի։


«Այն ժամանակները, երբ Սփյուռքը՝ դուք, Լոս Անջելեսի, Մոսկվայի, Փարիզի հայերը, պետք է օգներ Հայաստանին, կարծում եմ ավարտվեց։ Մեն բոլորս պետք է իրար օգնենք։ Սփյուռքը Հայաստանին, Հայաստանը՝ Սփյուռքին և  կրկին անգամ  ապրենք մեկ ազգ մեկ ժողովուրդ, որտեղ մեզանից յուրաքանչյուրն անկախ նրանից թե որտեղ է ապրում, ունի պարտականություններ, բայց նաև ունի իրավունքներ իր հայրենիքում»,-ասել է ՀՀ նախագահը։

Նա դիմելով հայկական եկեղեցում հավաքվածներին, ընդգծել է․ «Ձեզանից յուրաքանչյուրն այսօր պետք է հպարտ լինի, որովհետև Հայաստանը աշխարհին ցույց տվեց, որ այն եզակի ազգերից է, որ իր երկրում կարող է հսկայական փոփոխություն անել, որը շատերն անվանում են հեղափոխություն, թավշյա հեղափոխություն․․․ հեղափոխություն էր հայկական ձևով, երբ մենք կարող ենք անել մեծ փոփոխություն առանց մի կաթիլ հայի արյուն թափելու»։


Հայաստանի նախագահը Վրաստան էր այցելել Վրաստանի նախագահ Գիրոգի Մարգվելաշվիլիի հրավերով։ Նա հանդիպումներ է ունեցել երկրի նախագահի, վարչապետի, իշխող Վրացական երազանք կուսակցության հիմնադիր առաջնորդ, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ, մասնակցել և ելույթ ունեցել Ազատության հրապարակում անցկացված գլխավոր միջոցառմանը։

«Ռադիոլուր»-ի հետ զրույցում ամփոփելով Վրաստան այցը, Արմեն Սարգսյանը նշել է, որ հանդիպումների առանցքային թեմաներից է եղել հայ-վրացական հարաբերությունների զարգացումը։

Հայաստանի նախագահի խոսքով, անդրադարձ է եղել նաև այլընտրանքային ճանապարհների հարցին, «երկու կողմերն էլ բարի կամք են արտահայտել»։

 

Back to top button