Հասարակություն

Սփյուռքահայ բժիշկներն ասում են՝ հեղափոխությունից հետո նոր էներգիայով շտապել են Հայաստան

Համաշխարհային հայ բժշկական կոմիտեի անդամները թավշյա հեղափոխությունից հետո պատրաստ են թարմ ուժերով իրենց նպաստը բերել Հայաստանի շենացմանը։ Նրանք իրենց այս ցանկությունը հայտնել են այսօր՝ հյուրընկալվելով «Ռադիոլուրի» ստուդիայում։ Կոմիտեն կազմակերպում է բժշկության ոլորտում Հայաստանում առկա խնդիրներին նվիրված քննարկումներ աշխարհի տարբեր երկրներից հայ բժիշկների մասնակցությամբ, փորձում ելքեր գտնել, իրենց փորձը փոխանցել Հայաստանի գործընկերներին։

 

Ազգակիցների առողջությամբ մտահոգ աշխարհի տարբեր երկրներից հայ բժիշկներ պարբերաբար գալիս են հայրենիք ունեցած նոր գիտելիքները գործընկերների հետ փոխանակելու, աշխարհում արդիական բժշկական մեթոդները հնարավորինս արագ հայրենիք հասցնելու  նպատակով: Հաջորդ համաժողովը եկող տարի է, սակայն թավշյա հեղափոխությունից հետո ԱՄՆ- ի, Կանադայի եւ Ֆրանսիայի մեր հայրենակցի բժիշկները շտապել են  Հայաստան նոր էներգիայով։

«Կազմակերպությունը խանդավառված է և պատրաստ  նոր էներգիայով, ինչպես իրենք են ասում, Հայաստանին թիկունքին կանգնել»,- ասում է Համաշխարհային հայ բժշկական կոմիտեի նախագահ Վիգեն Սեփիլյանը։

Բժիշկ Սեփիլյանը վերարտադրողական բժշկության ոլորտում է մասնագիտացած։ Ցավով նշում է,  որ, ի տարբերություն ՄՆ-ների ու Եվրոպայի, Հայաստանում անպտղության մակարդակը կրկնակի բարձր է։ Հայաստանում 30 տոկոսը բախվում է անպտղության խնդիրներին, բուժման ուղղությունը ճիշտ է գնահատում:

Լիոնի  հայ բժշկական միության նախագահ Համբար Գայայանը ռադիոլոգ է։ Նա ևս 5 տարվա ընթացքում ռադիոլոգիայի ոլորտում մեծ առաջընթաց է նկատել Հայաստանում, այդուհանդերձ՝ զարգացման տեմպերը դանդաղ են՝ ասում է։

Ֆրանսիայից Հայաստան ժամանած ռադիոլոգ Գայայանը սպասում է առաջարկների, որպեսզի հայ մասնագետներին ընդունի Լիոնում ու իր ունեցած փորձառությամբ կիսվի նրանց հետ։ Բայց ունի նաեւ խիստ պայման. հայ երիտասարդները պետք է վերադառնան Հայաստան ու իրենց գիտելիքները կիրառեն հայրենիքում։ Բժիշկը ոգևորված նշում է, որ որդին վերադարձել է Երևան՝ մշտական բնակության:  «Ես էլ կգամ՝ ասում է, բայց ոչ հիմա, դեռ ծրագրեր ու սպասելիքներ ունեմ»,- շեշտում է:

Կանադահայ բժշկական ընկերակցության նախագահ, ատամնաբույժ Անի Հասերջյանն էլ պատմում է, թե ինչպես են ուսուցողական ծրագրեր իրականացնում Հայաստանի մարզերում և Արցախում: Այո, առանց ձանձրանալու ատամնաբույժը փոքրիկներին, հղի կանանց ու ծերանոցի բնակիչներին սիրով բացատրում է՝ ինչպես պահպանել առողջությունը:

Աշխարհի տարբեր երկրներում գործունեություն ծավալող հայ բժիշկները, ինչպես իրենք են նշում, պատրաստ են իրենց  ներուժը ծառայեցնել Հայաստանի զարգացման համար:

 

Ցուցադրել ավելի
Back to top button