Հասարակություն

Ովքեր են պահանջում Վեհափառ հայրապետի հրաժարականը

Վերջին շրջանում առցանց եւ տպագիր մամուլը ակտիվ անդրադառնում եւ քննարկում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ իրականացվող ակցիային, որի կազմակերպիչները պահանջում են Վեհափառի հրաժարականը: Արդյո՞ք այն գործիքներն ու ճանապարհները, որոնք օգտագործվում են սոցիալական, քաղաքական, հանրային կյանքում, կիրառելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի կամ որեւէ հոգևորականի նկատմամբ, վտանգներ չեն պարունակում:

 

Նախօրեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում թեմակալ առաջնորդների, պաշտոնավարող եպիսկոպոսների, 36 միաբանների և 182 քահանաների մասնակցությամբ տեղի է ունեցել քահանայից հերթական հավաքը, որի ընթացքում քննարկվել են ներքաղաքական կյանքում տեղ գտած վերջին իրադարձությունները:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում նշել է, որ այսօր հուզումները առկա են մեր կյանքում և Եկեղեցու առաքելությունն է շարունակել աշխատել նույն ոգով ու նույն նախանձախնդրությամբ, որպեսզի հայ ժողովրդի կյանքում ատելություն և անհանդուրժողություն, բախումներ, հակառակություններ տեղ չգտնեն:

Նշենք, որ այսօր սոցիալական, քաղաքական կյանքում օգտագործվող անհանազանդության գործիքները փորձ է արվում կիրառել նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ:

Նման անհեռատես նախաձեռնությունները հղի են մի շարք թաքնված վտանգներով՝ ասում է Կոմիտաս վարդապետը։ «Նա ոչ միայն ՀՀ հայոց հայրապետն է, այլեւ համայն աշխարհի։ Հայոց հայրապետին պաշտոնանկ անելու պայմաններ են պետք: Նախ պետք է դավանանքին դավաճանած լինի, ուրացած լինի Հայրենիքը։ Այսպես մի քանի անձիք հայտարարում են՝ սիրում ենք կամ չենք սիրում։ Ասեկոսեի մակարդակով հարցին մոտենալ, կաթողիկոսին գահընկեց անել, ճիշտ չէ»,- ասում է:

Ովքեր են կանգնած նման անհնազանդության կոչերի հետեւում: Ըստ Ռուբեն վարդապետ Զարգարյանի, այսօր տարբեր շահերից ելնելով քննադատվում է Եկեղեցու առաջնորդն այն անձանց կողմից, ովքեր առաքելական եկեղեցու հետեւորդներ չեն:

Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի նախկին առաջնորդ, կաթողիկոսի կողմից կարգալույծ արված արքեպիսկոպոս Տիրան Կյուրեղյանը համացանցում կազմակերպվող հեռուստակամուրջի ժամանակ կոչ է արել հայրենակիցներին գնալ եկեղեցիներ ու պահանջել Եպիսկոպոսաց ժողով գումարել եւ կաթողիկոսին գահից հեռացնելու պահանջ ներկայացնել:

Ռուբեն վարդապետ Զարգարյանը ցավում է նման զրույցների համար, բայց եւ ընդգծում, որ այսօր կան քննադատության օբյեկտիվ ու  սուբյեկտիվ պատճառներ։ Այո, առաքելական եկեղեցու վարդապետությունը, Աստծո խոսքը արդի բառապաշարով ներկայացնելու պահանջ կա, ու, ինչպես ցանկացած քրիստոնյա, հոգեւորականը նույնպես ապաշխարելու կարիք ու անհրաժեշտություն ունի, բայց նման հերյուրանքներով վարկաբեկվում է միլիոնավոր մարդկանց համար գերարժեք Հավատը՝ էապես վտանգելով ազգային շահը՝ ասում է:

Ցուցադրել ավելի
Back to top button