ԿարևորՏնտեսական

Նոր ատոմակայան կառուցելու անհրաժեշտություն չեն տեսնում

Հունիսի 1- ից կդադարեցվեն Մեծամորի ատոմակայանի աշխատանքները և կսկսվի լայնամասշտաբ վերակառուցումը։ Անհրաժեշտ սարքավորումներն արդեն ներկրված են՝ այսօր ասել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը: Նախարարն այցելել է ատոմակայան։

 

Մայիսի 31-ի գիշերը ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի։ Վերակառուցումը կիրականացվի  փուլերով: Երկրորդ էներգաբլոկի 4-րդ տուրբինային համակարգը կաշխատի օգոստոսի մեկից, իսկ ատոմակայանն  ամբողջությամբ կվերագործի դեկտեմբերին:

Վերանորոգումից հետո ատոմակայանը կաշխատի մինչև  2028 թվականը՝ նշեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը: «Ատոմակայանի ծրագիրն ավարտվելու է 2019 թվականի  դեկտեմբերին: Մենք նաև մտածում ենք  հնարավոր տարբերակներ  ծրագրի երկարաձգման, բայց ատոմակայանի աշխատանքները դադարեցվելուց հետո մինչև այս տարվա դեկտեմբեր ամիս  ամբողջությամբ կսկի աշխատել: Երբ որ վերագործարկվեց  10 տարի ժամկետով»:

Ատոմակայանի կանգնելու դեպքում էլ Հայաստանում կան փոխարինող հզորություններ՝ վստահեցրեց  հայկական ատոմային էլեկտրակայանի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը: «Փոխարինող հզորությունները բոլոր դեպքերում Հայաստանում կան։ Ճիշտ է՝  թանկ են,  բայց դա արդեն տարեկան պլանով նախատեսված է և տարիֆում բոլորը հաշվի առնված են»:

Արդեն ունեն  անխափան  էներգամատակարարում ապահովելու աշխատանքային գրաֆիկը:  Աշխատելու է Հրազդանի 5-րդ էներգաբլոկը, Երևան ՋԷԿ-ը: Իսկ այս փոփոխությունների դեպքում էլեկտրաէներգիայի  սակագնի փոփոխություններ չեն լինի: «ՀՀ-ում ամենաէժան էլեկտրաէներգիա արտադրող կայանը ատոմակայանն է: Մեր համակարգն այնպիսին է, որ  սակագնի վրա չի ազդի»:

Նախկինում   միշտ քննարկվում էր  նոր ատոմակայան  կառուցելու հարցը, սակայն նորանշանակ կառավարության անդամ Արթուր Գրիգորյանը հայտարարեց, որ նոր ատոմակայան  կառուցելու անհրաժեշտություն չեն տեսնում: «Այս պահին, ինչպես ինձ զեկուցել են, ինչքան որ ես փոխնախարարների հետ քննարկել եմ, այս պահին նոր ատոմակայան կառուցելու անհրաժեշտություն չկա»:

Լրագրողները նորանշանակ նախարարին նաև հիշեցրին, որ նախարարության աշխատակիցներին ներկայացնելիս, վարչապետը մատնանշել է, որ նոր ատոմակայանի  հարցն իրենց ուշադրության կենտրոնում է:  Արթուր Գրիգորյանը պատասխանեց. «Գիտեք ինչ, դա խորը մասնագիտական և փորձագիտական վերլուծություններ է պահանջում։ Մենք չենք կարող միանգամից ասել, որ մենք նոր ատոմակայան ենք կառուցելու:  Մենք Հայաստանի էներգետիկ համակարգի անխափան աշխատանքի համապատասխան քանակությամբ մեր ներքին շուկայի սպառման համար այսօր ունենք  բավարար էլեկտրաէներգիա արտադրող կառույցներ»։

Նոր ատոմակայանի կառուցումը բավականին թանկ է լինելու: Այս պահին չկան ո՛չ ֆինանսական միջոցներ, ոչ էլ անհրաժեշտություն:   2-րդ էներգաբլոկի ժամկետի  երկարաձգման անհրաժեշտություն կա և դա անում ենք՝ նշեց նախարարն ու ավելացրեց՝ եթե զգան բոլորովին նոր ատոմակայանի անհրաժեշտություն,  ապա կսկսեն  նախապատրաստական աշխատանքները: Ատոմակայանի տնօրենն էլ հայտնեց  իրագործվող աշխատանքների արժեքը: Երկրորդ էներգաբլոկի արդիականացման վրա ծախսվելու է 300 միլիոն դոլար, որից 270 միլիոնը վարկային պարտավորություն է, իսկ 30 միլիոնը‘ օժանդակություն:

Ցուցադրել ավելի
Back to top button