Հասարակություն

ԿԳ նախարար- «Այբ»- Մեսրոպ քահանա Արամյան հեռակա բանավեճի հետքերով

Մի քանի օր շարունակ ֆեյսբուք սոցիալական ցանցում կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյան-«Այբ»-Մեսրոպ քահանա Արամյան հեռակա բանավեճն է։ Տեր Մեսրոպ քահանայի հանդեպ նախարարի անվստահությունն ու «Այբի» շուրջ այս աղմուկը անտարբեր չի թողել ոչ միայն  «Այբ» կրթական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին, այլև   «Այբի» հիմնադիրներից Դավիդ Յանին, որը կնոջ հետ միասին խոշոր ներդրումներ են կատարել հաստատությունում։

 

Ֆեյսբուք սոցիալական ցանցում կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյան-«Այբ»-Մեսրոպ քահանա Արամյան կրքերը արդեն մի քանի օր է չեն հանդարտվում: Ամեն ինչ սկսվեց  ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի՝ «Այբին» վերաբերող  ֆբ գրառումից, որով նախարարը հայտնում էր, որ հանձնարարել է կազմակերպել Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտ:

Ըստ նրա՝ տեր Մեսրոպը հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած մարդկանցից է: Մեսրոպ քահանա Արամյանի պատասխանը չուշացավ: Արամյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Արարատյան բակալավրիատին՝ նշել էր՝ այն հանրակրթության ամենանշանակալից ձեռքբերումն է, որը տեսանելի է դարձրել մեզ համաշխարհային կրթության քարտեզի վրա։

Արամյանի հերթական գրառմանը, այն է  «Հոգու կամ «дух»-ի մասին», հաջորդեց նախարարի հերթական գրառումը.  «կրթական օլիգարխը խուճապի մեջ է»։

Մի քանի օր շարունակվող առճակատումը չէր կարող անտարբեր թողնել  «Այբ» կրթական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին։ Արձագանքը, ի դեպ, չուշացավ: «Մտահոգված ենք այն հանգամանքով, որ, դեռևս չունենալով ուսումնասիրության եզրակացությունը, տրվում Է կանխակալ որակում, որն ամենայն հավանականությամբ կարող է բացասական ազդեցություն ունենալ ստացվելիք եզրակացության անաչառության և օբյեկտիվության վրա։ Առավել ևս, երբ ուսումնասիրությունն իրականացվում է նախարարության կողմից, այլ ոչ` անկախ երրորդ կողմի։ Ուստի առկա են լրջագույն կասկածներ, որ տրվելիք եզրակացությունը բխելու է նախարարի արդեն իսկ արած հայտարարության ենթատեքստից»:

Ավելի ուշ «1in.am»- ին տված հարցազրույցում նախարար Արայիկ Հարությունյանը նշել էր, որ կրթական ոլորտի որոշ ներկայացուցիչներ էլիտարացրել են ոլորտը, ստեղծել կղզյակներ: «Այբ դպրոց» մասնավոր լավ դպրոց է, որը չպետք է սերտաճի ընդհանուր հանրակրթությանը՝ ասում է նախարարը։

«Այբ» կրթական հիմնադրամի հաղորդակցության բաժնի ղեկավար Հրաչուհի Բարսեղյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում անդրադառնալով նախարարի դիրքորոշմանը, նշեց, հիմնադրամն ամեն տարի պարտադիր ֆինանսական աուդիտ է անցնում անկախ կազմակերպության կողմից: Բոլոր արդյունքները հրապարակվում են azdarar.am և հիմնադրամի քայլերում:

Ի դեպ, «Այբի» շուրջ այս աղմուկը անհանգստացրել է  նաև «Այբի» հիմնադիրներից Դավիդ Յանին, որը կնոջ հետ միասին խոշոր ներդրումներ են կատարել հաստատությունում։ Իր ֆեյսբուքյան էջում Յանը գրել է, որ եթե Արայիկ Հարությունյանը չփոխի իր վերաբերմունքն «Այբ» հիմնադրամի հանդեպ, ապա ինքն ու կինը  ստիպված կլինեն վերանայել Հայաստանում կրթական նախագծերում նվիրատվություններ կատարելու իրենց ծրագրերը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button