ԿարևորՔաղաքական

Կարևորագույն խնդիրը ԶՈՒ մարտունակությունն այսօրվա ռազմական սպառնալիքներին համապատասխանեցնելն է

Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտպանության նախարարության վարչական համալիրում զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին ու, կարելի է ասել, հանձնարարել՝ զինվորը չպետք է զանգի ու ծնողներից սնունդ կամ հագուստ ուզի,  զինծառայողներին  պետք է կարողանանք ապահովել բոլոր այն նյութական միջոցներով:

Վարչապետը Նիկոլ Փաշինյանն այսօր ԶՈՒ բարձրագույն սպայակազմին ներկայացրեց գլխավոր շտաբի նոր պետ Արտակ Դավթյանին։ Թեեւ  գեներալ- մայոր Դավթյանին զինված ուժերում լավ են ճանաչում։ Մինչ այս՝ նա գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետն էր։ Վարչապետ Փաշինյանը ներկայացնելով նրանց նշեց, որ կարևորագույն խնդիրը ԶՈՒ մարտունակությունը այսօրվա ռազմական սպառնալիքներին ու պատերազմի բնույթին  համապատասխանեցնելն է՝ հավանական ագրեսիայի դիմագրավումը երաշխավորելու համար: «ԶՈւ վայելում են մեր ժողովրդի կատարյալ վստահությունը, սակայն այդ վստահության մեջ կան խնդիրներ, որ պետք է լուծել հրատապ, բայց առանց շտապելու և առանց չմտածված քայլերի»,- ասաց։

Ժամկետային զինծառայողներին  պետք է կարողանանք ապահովել բոլոր այն նյութական միջոցներով, որ անհրաժեշտ է և հստակ խնդիր է դրված  պետեկամուտների կոմիտեի ու մյուս կառույցների առաջ, որ էականորեն բարձրացնեն պետական եկամուտների մակարդակը, ինչին պետք է հետևի ԶՈՒ-ի ֆինանսավորման ավելացումը: Սա կարևորագույն խնդիր է՝ ըստ վարչապետի:  «Ակնկալում եմ, որ զինվորների ծնողները  չստանան զանգեր, թե այս չունենք, այն չունենք»։

Նա հույս հայտնեց, որ մեկընդմիշտ փակված է  քաղաքականությանը բանակի միջամտության որևէ փորձ: Զինվորը պետք է դեմքով կանգնած լինի դեպի հակառակորդը, թիկունքով դեպի հայրենիքը:

Ադրբեջանի ագրեսիային դիմագրավելը մնում է մեր զինված ուժերի հիմնական խնդիրը։ 2016- ի ապրիլյան պատերազմից հետո Հանրային ռադիոյի «Ստատուս քվո» հաղորդաշարին գեներալ Արտակ Դավթյանն ասել էր. «Ղարաբաղյան պատերազմը կավարտի միայն այն դեպքում, երբ Արցախը միջազգայնորեն ճանաչված կլինի»։

Նոր իրողության պայմաններում Արցախյան խնդրի կարգավորման գործընթացում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր ազդակներ է հնչեցնում։ Սա նշանակում է փոփոխություն նաև պաշտպանակա՞ն ռազմավարության մեջ,  հարցրեցի ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին։ «Ամեն ինչ էլ հնարավոր է, բայց ես իրավասու չեմ դրան պատասխանել»:

Հարցը ռազմաքաղաքական բնույթի է, դեռ վաղ է թերևս հասկանալու, թե ինչ փոփոխություններ կարող են լինել:

Ցուցադրել ավելի
Back to top button