ԿարևորՔաղաքական

«Ելքը» պատրաստվում է արտահերթ, ՀՀԿ- ն սպասում 2022- ի ընտրություններին

Մինչ հանրապետականները պնդում են, որ պատրաստվում են 2022 թվականի հերթական ընտրություններին, գործադիր իշխանության դաշտից հայտնում են՝ աշխատանքները նոր ԸՕ-ի վրա արդեն սկսվել են: Աշխատանքային թիմը գլխավորում է <<Իրազեկ քաղաքացիների միավորում>> հկ ղեկավար Դանիել Իոաննեսյանը: Որոշ գնահատականների համաձայն՝ նպատակ կա արտահերթ ընտրությունները կազմակերպել աշնանը:  Այս պահի դրությամբ հանրապետականները բացառում են դեպքերի նման զարգացումը, նշում են, որ խորհրդարանն աշխատում է բնականոն հունով եւ չի խանգարում նոր կառավարությանը՝ հետեւաբար՝ նոր ընտրությունների պահանջ չկա: <<Ելք>> դաշինքից շարունակում են պնդել՝ արտահերթ ընտրությունների հասնելու են քաղաքական լայն խորհրդակցությունների միջոցով: Էդմոն Մարուքյանը չի բացառում՝ հիմնավորումները ներկայացնելուց հետո միգուցե հանրապետականները շատ հեշտ համաձայնվեն արտահերթ ընտրությունների:

 

Խորհրդարանում մեծամասնություն պահպանած հանրապետականները չեն շտապում գնահատականներ տալ ապօրինի հարստացածների գործով ԱԱԾ աղմկահարույց բացահայտումներին: Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ ԱԱԾ կամ ՊԵԿ հայտարարությունները դեռ կփոխվեն:

Ունեցվածքի հայտարարագրերից հայտնի հարուստ պատգամավորների զգալի մասը կենտրոնացած են հենց Հանրապետական խմբակցությունում: ԱԺ նախագահ, հանրապետական Արա Բաբլոյանը հավաստիացնում է՝ իրենց չեն մտահոգում սկսված ուսումնասիրությունները:

Հանրապետականներից երկու պատգամավոր՝ Արմեն Աշոտյանը եւ Միհրան Պողոսյանն արդեն հասցրել են տարբեր առիթներով հայտարարել, որ նոր իշխանությունները տարբեր ոլորտներում սկսել են հաշվեհարդարն ու քաղաքական հետապնդումները: Բոլոր հալածյալներին իրավաբանի եւ իրավապաշտպանի իր աջակցությունն այսօր առաջարկեց <<Ելք>> խմբակցությունից պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Ցույց տվեց իրավապաշտպան բազմաթիվ կառույցների տեղը եւ պայքարի համար անհրաժեշտ օրենքները:

Քաղաքական իրողությունների փոփոխության հետեւանք էր նաեւ Սերժ Սարգսյանի նախնական որոշումը՝ վարչապետի պաշտոնից հրաժարվելուց հետո հեռանալ նաեւ  կուսակցության ղեկավարի պաշտոնից: Անգամ տարածքային մարմիններին հորդորեց քննարկել եւ զբաղվել այդ հարցով: Մինչ այս պահը, սակայն, Սերժ Սարգսյանը վարում է կուսակցական նիստերը: Արդյո՞ք նա կհեռանա քաղաքականությունից եւ արդյո՞ք դեռ ուժի մեջ է նրա առաջարկը՝ այս մասով հենց հանրապետականի ներսում կա հակասություն: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի եւ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքերը տարբերվում են:

Իբրեւ փոփոխությունների շարունակություն խորհրդարանում այս պահին սպասում են, թե երբ է ներկայացվելու նոր կառավարության նոր ծրագիրը: Վահրամ Բաղդասարյանը ժամկետ նշեց՝ հունիսի 1-ին  փաստաթուղթն արդեն կփոխանցվի խմբակցություններին ծանոթանալու համար: Քննարկումները կսկսվեն հետո: <<Կաշխատենք, կտեսնենք, կգնահատենք>>,- ասաց Բաղդասարյանը:

Էդմոն Մարուքյանը ակնարկեց՝ ներկայացվելիք փաստաթուղթը լինելու է շատ հետաքրքիր եւ տարբերվելու է նախորդ կառավարությունների ծրագրից: Իսկ քանի դեռ փաստաթուղթը չի բերվել խորհրդարան՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը լրատվության միջոցով է փորձում նոր կառավարությանը հուշել ապագա ծրագրում ներառվելիք պարտավորությունների մասին:

Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը ուժի մեջ է մտնում հունիսի 1-ից: Մինչեւ Եվրամիության կողմից ամբողջապես վավերացումը՝ այն կարգավորվելու է անցումային դրույթներով: Դրանք կազմում են փաստաթղթի 80 տոկոսը, մնացյալ 20 տոկոսը գործի կդրվի ամբողջական վավերացումից հետո:

 

Ցուցադրել ավելի
Back to top button