ԿարևորՀասարակություն

Արտագաղթի հազարամյա անիվը պետք է կանգ առնի՝ ասում է վարչապետ Փաշինյանը

Հայաստանից արտագաղթի հազարամյա անիվը պետք է կանգ առնի և հետ պտտվի, և Հայաստանում կենտրոնանալու գործընթաց սկսի՝ այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 27-րդ համատեղ նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրել է խորհրդի անդամներին ներկայացնել քաղաքական իրավիճակը, ծրագրերը:

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամն անշուշտ անչափ կարեւոր խնդիրներ ունի իր առջեւ դրված՝ արձանագրեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ շեշտադրելով դրանցում, իր գնահատմամբ, ամենագլխավորը. «Կարծում եմ ամենակարեւոր խնդիրներից մեկը, դա համախմբման առաքելությունն է, որն ավելի քան արդիական է այսօր: Հիմնադրամը ոչ միայն պետք է շարունակի միավորել Հայաստանի քաղաքացիներին, Արցախում եւ սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին, այլեւ՝ պետք է լինի սփյուռքը միավորող գործոն»:

Հայաստանում տեղի ունեցած վերջին հիմնարար իրադարձությունների ֆոնին, Արմեն Սարգսյանի ձեւակերպմամբ, շատ ակնհայտ է դառնում ազգային համախմբվածության անհրաժեշտությունը: Ծրագրերը, որոնք իրականացվել են հիմնադրամի միջոցներով եւ աջակցությամբ՝ համահայկական ջանքերի արդյունք են՝ ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ հիմնադրամի կատարելագործմամբ հնարավորություն կա ավելի մեծ արդյունք գրանցելու եւ առավել հավակնոտ ծրագրեր կյանքի կոչելու, որը կհամապատասխանի մեր իրական հնարավորություններին եւ աշխարհում հայկական սփյուռքի համբավին:«Մենք թեւակոխում ենք ոչ միայն պետական կառույցի, այլ նաեւ ազգային ծրագրերի նոր շրջան»:

Նախագահի խնդրանքով՝ քաղաքական իրավիճակին ու հետագա ծրագրերին անդրադարձավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ վերջին իրադարձությունները համազգային համախմբման նոր ազդակ էին եւ ամեն ինչ կանեն՝ դա կոնկրետ քաղաքական արդյունքի, մշտական քաղաքական գործոնի վերածելու համար:

Վարչապետի խոսքով՝ կառավարության առաջնահերթությունները ներկայացրել են, և կարևորագույնը ՀՀ քաղաքացիների և հայ ժողովրդի հաղթանակի զգացումը պահպանելն է և մշտական բնույթ հաղորդելը: «Կարծում ենք, որ այս գործընթացի միջնաժամկետ արդյունքը պետք է լինի հետեւյալը՝ Հայաստանից արտագաղթի հազարամյա անիվը պետք է կանգ առնի և հետ պտտվի, և Հայաստանում կենտրոնանալու գործընթաց սկսի՝ Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի անվտանգությունը, բնականոն զարգացումը ապահովելու համար»:

Դրա համար ամենակարևոր անկյունաքարերը դրվել են՝ շեշտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Հիմնադրամի գործունեությունը վերլուծելիս կարելի է լուրջ ազդակներ ստանալ՝ ինչ պրոցեսներ են տեղի ունենում, ինչ մտահոգություններ են ի հայտ գալիս Սփյուռքում, և ինչ լուծումներ կարող են դրանց լինել:

Հիմնադրամի աշխատանքների հաշվետվությունը ներկայացրեց գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Նրա փոխանցմամբ՝ ապագա աշխատանքների մասին հիմնադրամի տեղական մարմիններն ունեն միասնական կարծիք։

Արցախում հիմնադրամի իրականացրած ծրագրերի արդյունքները գնահատեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը։ Առաջարկեց շարունակել Արցախում խորքային հորերի ծրագիրը:

Ապագա աշխատանքների հետ կապված մի առաջարկ էլ արեց Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նրա կարծիքով՝ այդպիսով կստացվի, որ հիմնադրամի գործունեությանը կմասնակցի թե՛ Հայաստանի գործարարը, թե՛ պետությունը:

Օրվա քննարկումներում նաեւ հիմնադրամի գործունեության նկատմամբ վստահության բարձրացումն էր: Նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ համաժողովրդական հեղափոխությունը փոխել է պատկերը նաեւ այդ առումով: Նրա խոսքով՝ Հայաստանի եւ Սփյուռքի մեջ դեռեւս կան բավականին շատ պատնեշներ՝ թե՛ հոգեբանական, թե՛ իրավական առումներով եւ դրանք պետք է վերացնել: Նա կոչ արեց՝ մտածել որպես մեկ ազգ:

Ցուցադրել ավելի
Back to top button