ԿարևորՔաղաքական

Վրաստանյան որ փորձը Հայաստանը կարող է տեղայնացնել

Այսօր Հայաստանի կառավարությանն անհրաժեշտ է շատ արագ բարեփոխումներ սկսել որևէ ոլորտից։ Նման խորհուրդներ են հնչում Թբիլիսիից՝ բացատրելով, որ առաջին քայլը զարկ է տալու փոփոխությունների ալիքին։  

«Ռադիոլուր»-ը փորձում է պարզել՝ ինչու Վրաստանին հաջողվեց և վրաստանյան որ փորձը Հայաստանը կարող է տեղայնացնել:

2003-ի Վարդերի հեղափոխությունից հետո կոռուպցիայի մեջ թաղված համարվող հետխորհրդային Վրաստանը արագ բարեփոխումներ սկսեց, որոնց զգալի մասը արձանագրվել է որպես հաջողված։

Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ Աննա Դոլիձեն, ով Վարդերի հեղափոխության շրջանում ղեկավարում էր Երիտասարդ իրավաբանների ասոցացիան, որը պետք է մասնագիտական խորհրդատվությամբ հանդես գար հետհեղափոխական երկրում, նշում է, որ այդ հարցում աշխարհի տարբեր երկրներ օգնում էին նոր իշխանություններին, կառավարություն եկած հիմնականում երիտասարդ մասնագետները գնում էին եվրոպական երկրներ՝ հասկանալու ինչպես է աշխատում այս կամ այն փոփոխությունը։

«Եթե բարեփոխումների բեկում լինի որևէ մի ոլորտում, դա հանրության շրջանում վստահություն կներշնչի, որ ամեն ինչ հնարավոր է»։

Ասում է Դոլիձեն, ով պատրաստվում է Հայաստան մեկնել՝ հետհեղափոխական Վրաստանի անցումային արդարադատության մասին հայ գործընկերների հետ խոսելու։

Օրեր առաջ Դոլիձեն «Ռադիոլուր»-ի հետ զրույցում խոսել էր Վրաստանում հաջողված բարեփոխումների մասին, արդարադատության ոլորտում, սակայն, նշելով, որ Սահակաշվիլին չափն անցել էր․ «Նա անձնական թշնամիներ ուներ, ում հետ և վենդետա ունեցավ։ Դա հօդս ցնդեցրեց այն հավատը, որ այդ փորձերն իրական էին»։

Դավիթ Դարչիաշվիլին, ով վարդերի հեղափոխությունից հետո այդ ժամանակվա նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի թիմում էր, համաձայն է․

«Վրաստանը հաջողված փորձ չունի դատական համակարգում․ բնական է, ամեն ինչ չստացվեց այնպես, ինչպես ուզում ես։  Սակայն ոստիկանության ու կրթական ոլորտի բարեփոխումները տպավորիչ էին, ինչից Հայաստանը կարող է օգտվել՝ հաշվի առնելով այն, ինչը հատուկ է Հայաստանի հասարակությանն ու կառավարությանը»։

Վրաստանում գործող «Ալիք» մեդիայի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանի խոսքով, Հայաստանի նոր կառավարությունը քննարկելու է աշխարհի տարբեր երկրների, այդ թվում նաև Վրաստանի հաջողված փորձը։

«Ակնհայտ է, որ ոստիկանության ռեֆորմը պետք է արվի, սովերելու բան ունենք, հարկային ու մաքսային ոլորտներում։ Անեիքները շատ են ենթակառուցվածքների, տուրիզմի ու շատ այլ ոլորտներում»։

Զրուցակիցներս առանձնացնում են նաև արդարադատության տան գոյությունը, որն աշխատում է առանց ավելորդ թղթաբանության՝ մեկ պատուհանի սկզբունքով։

Թափանցիկ ապակիներով տան, ինչպես նաև ոստիկանության ու այլ հաստատությունների ապակե շենքերի կառուցումը հետհեղափոխական Վրաստանում նպատակ ուներ ցույց տալ, որ ներսում աշխատում են բաց ու թափանցիկ, առանց կաշառքի։

Back to top button