Տնտեսական

Արտահանումը պետք է իրականացվի գյուղացիների համար առանց լրացուցիչ խոչընդոտներ ստեղծելու. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում ի շարս օրակարգային մի շարք հարցերի՝ անդրադարձ է կատարվել նաեւ հանրային հետաքրքրություն ներկայացնող որոշ խնդիրների:

Մասնավորապես, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է գյուղմթերքների արտահանման հարցում գյուղացիների առջեւ լրացուցիչ խոչընդոտներ չհարուցելու անհրաշեժտության մասին:

 

 

Սննդի անվանգության պետական ծառայության ղեկավարը մայիսի 10-ին եւ  16-ին նամակներ է ստացել Ռուսաստանի Դաշնության «Ռոսսելխոզնադզոր»  կազմակերպությունից: Կառավարության այսօրվա հերթական նիստում տեղեկացնելով այս մասին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր համար անակնկալ է, որ տեղյակ չէ այս նամակների մասին, ապա ծառայության պետից հետաքրքրվեց.

«Պարոն Կարապետյան ես ուզում եմ իմանալ Ձեր գործողություններն այս նամակներից հետո: Ես ուզում եմ հասկանալ, դուք ու՞մ եք զեկուցել, որ այսպիսի իրավիճակներ կա»:

Իշխան Կարապետյանը նշեց, որ այդ նամակները պարբերաբար բնույթ են կրում: Ասաց, որ նման քննարկում եղել է նաև գյուղատնտեսության նախարարի հետ, փորձել է կապվել Արարատ Միրզոյանի հետ՝ չի ստավել և սահմանված կարգով գործողություններ կատարվել են: Նա նշեց նաեւ, որ բարձրացվող հիմնական խնդիրները մակնշմանն են վերաբերում, արտահնվող կոնկրետ վայրին:

Պարզաբանենք, որ ռուսական կողմը նամակներով տեղեկացրել է Հայաստանից Ռուսաստան ներկրվող գյուղապրանքների սանիտարական կանոնների պահպանման խնդրի մասին: Իշխան Կարապետյանը զեկուցեց, որ դեպքը վերաբերել է մեկ ընկերության:

«Նամակներում արձանագրված է դեպքը, պարոն վարչապետ, որի շրջանակներում բեռում հայտնաբերվել է անհամապատասխանություն եւ բեռը ետ է ուղարկվել: Սակայն բեռից առանձնացվել է համապատասխան խմբաքանակը եւ վերադարձվել է արտահանողին եւ սահմանված կարգով բեռը շարունակել է ընթացքը՝ կրկին վերաարտահանվել է»:

Այս պահին ի՞նչ իրավիճակ է եւ ո՞րն է այն մարմինը, որ երաշխավորում է՝ Հայաստանից գյուղմթերքը կարտահանվի բոլոր պարտավորություններին խստիվ համապատասխան՝ հետաքրքրվեց-զգուշացրեց վարչապետը: Սննդի անվտանգության ծառայության պետն ասաց, որ համապատասխան աշխատանքներ տարվել են, որի արդյունքում.

«Տեղյակ եմ, որ վերջին երկու-երեք օրվա ընթացքում իրականացված եւ ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վերին Լարսի անցման կետում մենք որևէ ահազանգ չենք ստացել, այիսնքն խնդիրը գնում է կարգավորում»:

Գյուղմթերքների արտանհանման հետ կապված խնդրով «Ռադիոլուրը» հայրցրեց նաեւ Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի տեսակետը:

«Փայտը երկու ծայր ունի, հնարավոր է երկուսն էլ շեղումներ ունենան»:

Ըստ Հրաչ Բերբերյանի, Հայաստանում աճեցվող լոբազգիների հետ կապված խնդիր ունեն, ինչը գյուղատնտեսության նախարարության տիրույթում է, սակայն, դեռեւս քայլ չի արվում:

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ անհրաժեշտ բոլոր ջանքերը գործադրվեն, որ գյուղմթերքի արտահանումը տեղի ունենա պատշաճ կերպով, ինչը, սակայն, չպետք է նշանակի լրացուցիչ խոշընդոտներ արտահանողների, գյուղացիների համար:

Իշխան Կարապետյանը խնդրեց, որ համապատասխան գերատեսչությունները տանեն աշխատանք ընկերությունների հետ՝ մակնշման, փաթեթավորման առումով, ինչը սահմանային հսկողության տեսանկյունից խնդիր է առաջացնում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց կատարել Իշխան Կարապետյանի խնդրանքը՝ հույս հայտնելով, որ խնդիրը քննարկվում է վերջին անգամ:

Back to top button