Հասարակություն

Կոռուպցիայի դեմ պայքարի մասին հայտարարությունների հետքերով

ԱԱԾ տնօրենի՝ օրեր առաջ կոռուպցիոն սխեմաների մասին աղմկահարույց հայտարարությունից հետո կառույցն այսօր հայտարարել է, որ գործով կան բերման ենթարկվածներ: Ակնկալվում է, որ այս բացահայտումների արդյունքում պետբյուջե զգալի գումար կվերադարձվի:

Մի քանի օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ են հրավիրվել Հայաստանում արտոնյալ կարգավիճակով գործարարությամբ զբաղվող մի քանի օլիգարխ: Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո հաճախ է խոսում նրանց հարկային դաշտ տեղափոխելու, ապօրինի հարստանալու համար պատասխանատվության ենթարկվելու մասին: Վարչապետի մոտ հրավիրվածների ընդհանուր թիվը 10-ից ավելի էր: Ինչ է խոսվել այդ հանդիպմանը՝ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը տեղյակ չէ՝ անձամբ ներկա չի եղել: Բայց, որ այդպիսի հանդիպում եղել է եւ նա հանձնարարականներ ստացել է՝ հաստատում է:

Այս հանդիպումից հետո ՊԵԿ-ում որեւէ գործարարի հանդեպ ընդգծված եւ թիրախային ուշադրություն չկա՝ ասում է Անանյանը: Ֆինանսների նախարարությունից 6 օր առաջ պետեկամուտների դաշտ տեղափոխված պաշտոնյան ընդգծում է՝ կոռուպցիայի դեմ պայքարը նոր չի սկսվել, բայց ընդունում է՝  նոր Հայաստանում այն նոր թափ է ստացել:

Կոռուպցիայի դեմ պայքարի գործերով հանրությունը անունների է սպասում, բայց անուններ այս պահին չեն հնչում նաեւ Ազգային անվտանգության ծառայությունից, թեեւ ապօրինի հարստացածների գործը տեղից շարժվել է եւ արդեն կան բերման ենթարկվածներ: Սա հաստատում են ԱԱԾ-ում, բայց բացառում վենդետան: Դեռ մայիսի 19-ին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ժամկետներ էր սահմանել՝ մայիսի 23-ից սկսվելու է ապօրինի հարստացած անձանց բացահայտման ուղղու­թյամբ գործընթաց: Ապօրինի հարստացածների դեմ պայքարում Վանեցյանն ունի նախընտրած տարբերակը:

ԱԱԾ տնօրենը այսօր խոստացել է՝ առաջիկա օրերին հանրությունը կտեղեկացվի գործով զարգացումների մասին, կան օպերատիվ տվյալներ, որոնք աշխատանքի ընթացքում հաստատվել են: Այս պահին Վանեցյանը չի շտապում հրապարակել՝ արդյո՞ք բարձրաստիճան պաշտոնյաների կտեսնենք ցուցակում: Բայց դեռ օրեր առաջ համոզված էր՝ այս գործով կարողանալու են բյուջե վերադարձնել յուրացված զգալի գումար:

ԱԱԾ-ում մտադրվել են աշխատել այնպես, որ որեւէ բացահայտված գործի առնչությամբ որեւէ հարց եւ կասկած չառաջանա: Իսկ մինչ կոռուպցիայի դեմ պայքարի սայլը տեղից շարժվում է՝ Հայաստանի շարքային քաղաքացիները փորձում են յուրովի պատկերացնել արդարության հաստատումը Հայաստանում: Այս ոլորտում հաղթանակ տոնել դեռ չեն շտապում, բայց հույսեր կապում են:

Այս թեմայի շրջանակներում հետաքրքիր իրադարձություններ է ծավալվել նաեւ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում: Մայիսի 24-ի դրությամբ  51 պաշտոնյա չի ներկայացրել օրենքով պահանջվող 2017-ի տարեկան հայտարարագիրը:

Ցուցադրել ավելի
Back to top button