Վերլուծական

Ո՞ւմ օգտին քվեարկել. կողմնորշման փուլ Թուրքիայի քաղաքացիների համար


Թուրքիայում արտահերթ ընտրություններին մնացել են հաշված օրեր: Հունիսի 24-ին երկրում կանցկացվեն խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ, որից հետո գործող կառավարման խորհրդարանական համակարգին կփոխարինի նախագահականը:

Իհարկե, դեռ չի սկսվել նախընտրական քարոզարշավը, բայց քաղաքական ընտրապայքարում մասնակցության հայտ ներկայացրած կուսակցությունների, դաշինքների անունները պարզ են: Նաեւ պարզ են  հայազգի այն ներկայացուցիչների անունները, որոնք կմասնակցեն ընտրապայքարին: 

«Ռադիոլուր»-ը զրուցել է Պոլսի հայ մտավորականների հետ եւ պարզել՝ թե Թուրքիայում բնակվող մեր հայրենակիցները այս ընտրապայքարում ում են պատրաստվում տալ նախապատվությունը:

Նախորդ՝ 2015 թվականի նոյեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Թուրքիայի Ազգային մեծ ժողովն ուներ 3 հայ պատգամավոր՝ Գարո Փայլան՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության կողմից առաջադրված իրավաբան Սելինա Դողան և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջադրված հայ լրագրող Մարգար Եսայանը: Արդեն հրապարակված ցուցակների համաձայն, հայտնի է, որ Սելինա Դողանը օրենսդիր նոր մարմնում չի լինի՝ ասում է պոլսահայ մտավորական Բագրատ Էստուկյանը

«Կպայքարի 4 հայազգի թեկնածու․ քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը, նույն կուսակցության անդամ Լյուդմիլա Բյույումը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից Մարգար Եսայանը և ընդդիմադիր «Լավ» կուսակցության համահիմնադիրներից Էլմաս Կիրակոսը»։

Նշենք, որ բացի Կարո Փայլանից, մնացյալ երեք պատգամավորի թեկնածուներն առաջադրված են Ստամբուլից։ Ո՞ր քաղաքական ուժին է պատրաստվում իր քվեն տալ հայ համայնքը, եւ նախընտրական ընտրապայքարում օրակարգային թեմա՞ է արդոք հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարը:  Պոլսի <<Ժամանակ>> օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը նշում է, որ այսօր ավելի շատ քաղաքացիներին անհանգստացնում է երկրի ներքին եւ ֆինանսական կայունությունը: Ըստ Էստուկյանի, համայնքային տրամադրություններն ու կողմնորոշումները բազմաբեւեռ են, բայց հիմնականում նախապատվությունը տրվում է Ժողովրդա- դեմոկրատական ուժին, իսկ ըստ Գոչունյանի, երկրի կայունությանը:

«Վերջին շրջանում Թուրքիայում տնտեսական լուրջ մարտահրավերներ կան, տարադրամի տատանումներ: Բայց Թուրքիայի ամբողջ քաղաքական փորձը ցույց է տալիս, որ քաղաքացիները կողմնորոշվում են՝ հաշվի առնելով տնտեսական կայունության փաստը»:

Թուրքիայի Piar վիճակագրական ընկերությունից վերջին հարցումների համաձայն՝ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում»իշխող  կուսակցության ու նրանց կոալիցիոն գործընկեր «Ազգային շարժման» կողմից կազմված դաշինքին պատրաստ է ձայն տալ ընտրողների մոտ 32 տոկոսը (32.3%)-ը։ Երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդա-հանրապետականներին իրենց ձայնը պատրաստ են տալ ընտրողների 17 տոկոսը։ ընդդիմադիր քրդամետներին՝ մոտ 9 տոկոսը (8.8%-ը)։ Նորաստեղծ «Լավ» կուսակցությանն այս պահի դրությամբ աջակցում է բնակչության մոտ 13%-ը։

Back to top button