Հասարակություն

Դանիայում ՀՀ դեսպանին կառավարությունը 2500 եվրո փոխհատուցում կտա


Կառավարության նիստում որոշվեց Դանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանին հատուցել երկու հազար հինգ հարյուր եվրոյին համարժեք ՀՀ դրամ:

Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2018 թվականի հունվարի 11-ի վճռվել էր Արզումանյանի հայցը բավարարել:

Գործը վերաբերում է փողերի լվացման գործով Ալեքսանդր Արզումանյանին՝ որպես նախկին արտգործնախարար եւ «Քաղաքացիական անհնազանդություն» քաղաքական շարժման առաջնորդի, կալանքի տակ պահելու հանգամանքին:

Արզումանյանը ձերբակալվել է 2007 թվականի մայիսին եւ կալանավորվել: Դատարանը կայացրել է նրան կալանավորելու մասին որոշում հանցանքի ծանրության եւ իրավապահներից թաքնվելու, արդարադատությանը խոչընդոտելու եւ կրկնահանցագործության վտանգի հիման վրա:

Նրա կալանքը պարբերաբար երկարաձգվել է համանման հիմքերով՝ չնայած Արզումանյանի առարկություններին մինչեւ սեպտեմբերին նրա ազատ արձակվելը՝ հանրապետությունից չհեռանալու մասին ստորագրությամբ:

Ալեքսանդր Արզումանյանը պնդում էր, որ դատարանը բավարար կերպով չի արդարացրել նրա կալանքի անհրաժեշտությունը եւ խախտվել են ազատության եւ անձնական անձեռնմխելիության, ինչպես նաեւ եւ ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքները:

Ցուցադրել ավելի
Back to top button