Մշակույթ

Գլխավոր փորձը՝ Մանսուրյանի ու Կոմանդոսի ներկայությամբ

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացած «Հարսանիք Թիկունքում» ներկայացման գլխավոր փորձին երեկ ներկա են գտնվել գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) և ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։

Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ մեծանուն հայորդիների ներկայությամբ տեղի ունեցող փորձը առանձնահատուկ էր ու ոգեշնչող։ Փորձի ավարտից հետո լեգենդար Կոմանդոսն ու կոմպոզիտոր Մանսուրյանը հանդիպեցին ստեղծագործական խմբի հետ, փոխանակեցին մտքեր, արվեցին դիտողություններ, ճշգրտվեցին պատերազմական իրավիճակում հայ զինվորի հոգեբանության և թիկունքում գտնվող մարդկանց հոգեվիճակների առանձնահատկությունները, ինչպես նաև՝ իրականությունը գեղարվեստական ձևի մեջ ներկայացնելու նրբությունները։


Այսօրվա փորձը դարձավ «Հարսանիք Թիկունքում» ներկայացման ստեղծագործական ընթացքի կիզակետը, որտեղ միաձուլվեցին իրականությունն ու գեղարվեստականությունը։ Գյումրու դրամատիկականի առաջիկա ներկայացումը դառնալու է լավագույններից մեկը՝ Արցախյան ազատամարտի և Քառօրյա պատերազմի մասին պատմող ստեղծագործությունների շարքում, ինչը հաստատեցին Արկադի Տեր-Թադևոսյանի եւ Տիգրան Մանսուրյանը ներկայությունն ու ոգևորիչ խոսքերը։

Back to top button