Հասարակություն

Հայաստանի Առաջին Հանրապետությունն ու Մայիսյան հերոսամարտերը Հայաստանի ազգային արխիվում

Հայաստանի Առաջին Հանրապետությունն ու Մայիսյան հերոսամարտերը Հայաստանի ազգային արխիվում: Արխիվում պահպանվող ուշագրավ փաստաթղթերից մի քանիսն այսօր ներկայացրել է տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

Ազգային արխիվի տնօրենը խոսել է նաև հոբելյանների առիթովtuniազմակերպվող միջոցառումների ու հրատարակությունների մասին:

Պատերազմի բոցերի մեջ ու բախտորոշ պայմաններում 100 տարի առաջ այս օրերին ծնունդ էր առնում Հայաստանի առաջին հանրապետությունը: Չունենալով կենսագործունեության ու զարգացման որևէ լուրջ հնարավորություն, այնուամենայնիվ այն գոյատևեց, և գոյատևման 2.5 տարիները, որոնք իրականում մաքառման ու ատամներով հայրենիք պահելու տարիներ էին, հիմք հանդիսացան խորհրդային ու նաև այսօրվա Հայաստանի համար:

Առաջին Հանրապետության ստեղծման, մաքառման ու անկման պատմությունները՝ փաստաթղթերի ու լուսանկարների տեսքով Հայաստանի ազգային արխիվում են պահպանվում նաև: Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի խոսքով արխիվում պահպանվող վավերագրերի ցանկում, ցավոք, չափազանց քիչ են փաստաթղթերը Սարդարապատի ճակատամարտի մասին:

Բազառիկ վավերագրերի ցանկում Ազգային արխիվի ֆոնդում վերջերս ավելացել է ևս մեկը, որը տնօրեն Վիրաբյանի խոսքով, երազում անգամ չէր կարող տեսնել:

Ազգային արխիվի արժեքավոր փաստաթղթերից է 1918-ի հունիսին Թիֆլիսի հայոց ազգային խորհրդին ուղղված նամակը Արամ Մանուկյանի ստորագրությամբ: Ներկայացնելով Հայաստանում տիրող սոսկալի իրավիճակը և դժգոհելով Թիֆլիսից Հայաստանի իշխանության Երևան տեղափոխվելու  հետ կապված ուշացումից, Երևանի ազգային խորհուրդը հիշյալ նամակում անգամ սպառնում է տեղում ձևավորել նոր իշխանություն, եթե  երկշաբաթյա ժամկետում հայ այրերը չժամանեն Երևան:

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Համո Սուքիասյանի խոսքով, Հայաստանի ղեկավար այրերի Երևան տեղափոխվելու հարցի շուրջ  բուռն քննարկումները չէին դադարում հենց Թիֆլիսում:   Իշխանությունը Երևան տեղափոխելու ակտիվ կողմնակիցներից էր  կառավարության ղեկավար Հովհաննես Քաջազնունին, ով ասում էր, որ կառավարության վերջնական կազմի մասին հայտարարություն կանի միայն տեղափոխվելուց հետո:

Առաջին Հանրապետության ու Մայիսյան հերոսամաչտերի հոբելյանների առիթով Ազգային արխիվը պատրաստում է հայ սպաներին նվիրված հանրագիտարան:

Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակում մայիսի 25-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Հայաստանի առաջին Հանրապետությունը՝ 100 տարվա հետահայաց» ցուցահանդեսը:

Կներկայացվեն թեմատիկ ցուցանմուշներ՝ Առաջին Հանրապետության խորհրդանիշեր, կարևոր փաստաթղթեր, ժամանակի կենցաղն արտացոլող նյութեր, հագուստի նմուշներ և այլն: Ցուցահանդեսը կուղեկցվի լուսաձայնային, վիզուալ և անիմացիոն հատուկ էֆեկտներով։
Տոնակատարության միջոցառումների շրջանակներում մայիսի 28-ին հանրապետության բոլոր մարզկենտրոններում տեղի կունենան տոնական համերգներ՝ հայտնի արտիստների և անսամբլների մասնակցությամբ:

Back to top button