Հասարակություն

Ամուլսարը՝ առանց հանքի

Ամուլսարում ոսկու հանքի շահագործումը անդառնալի հետևանքների կհանգեցնի: Հարակից տարածքի բնակիչները նամակով  դիմել են կառավարությանը և իրենց անվստահությունը հայտնել  «Լիդիան Արմենիա» ընկերությանը:

Բնակիչները հրաժարվել են նաև բանակցություններից՝ նշելով, որ Ամուլսարը պետք է սար մնա: Մինչ բնապահպանները ահազանգում են ահագնացող ռիսկերի և անդառնալի հետևանքների մասին, «Լիդիան Արմենիա»-ի կայուն զարգացման  գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը հավաստիացնում է՝ հաշվի են առել բոլոր ռիսկերը:

Այս, ինչպես նաեւ ընդհանրապես մետաղական հանքավայրերի խնդիրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում է:

Հինգերորդ օրն է, ինչ Ջերմուկ, Կեչուտ և Գնդեվազ գյուղի բնակիչները փակել են դեպի ոսկու հանք գնացող ճանապարհները՝ թույլ չտալով հանքի մեքենաների տեղաշարժը։ Արդյունքում հանքի աշխատողները չեն կարողանում մեկնել աշխատանքի վայր: Բնակիչները այդ կերպ ներկայացնում են իրենց բողոքն ընդդեմ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման:

Բնակիչները պահանջում են դադարեցնել ծրագրի իրականացումը՝ հրաժարվելով ցանկացած տեսակի ապահովագրությունից: Հրաժարվում են նաև բանակցություններից, Ամուլսարը պետք է սար մնա՝ ասում են: Գնդեվազի բնակիչ, ուսուցիչ Միհրդատ Ներսիսյանն ասում է, որ այսօր բաց նամակով դիմել են կառավարությանը, հայտնել են «Լիդիան Արմենիա» ընկերության նկատմամբ իրենց անվստահությունը:

Այն, որ Ամուլսարում ոսկու հանքի շահագործումը անդառնալի հետևանքների կհանգեցնի, «Ռադիոլուրի» հետ զրույցում փաստեց նաև երկրաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը:

Մինչ բնապահպանները ահազանգում են՝ «Լիդիան Արմենիա»-ի կայուն զարգացման  գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը հավաստիացնում է, որ հաշվի են առել բոլոր ռիսկերը: Ջերմուկին որևէ վտանգ չի սպառնում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ստուգումներ սկսել բոլոր մետաղական հանքերում: Դրա մասին ասել է ֆեյսբուքյան իր էջում։  Մետաղական հանքերի գործունեությունը պետք է համապատասխանեցնել բնապահպանական նորմերին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը՝ ասել է:

Ի դեպ, «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության ակցիայի մասնակիցներն այսօր հավաքվել էին նաև նախագահական նստավայրի դիմաց: Նրանց է հանդիպել հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և հավաստիացրել, որ ցանկացած արդյունաբերական, հանքային պրոբլեմ, որը ազդելու է մեր ջրային բազայի վրա՝ սկսած Սևանա լճից մինչև բոլոր մյուս լճերը, պետք է ուշադրության կենտրոնում լինեն: Ինչ վերաբերում է «Լիդիան Արմենիա» ընկերության հետ իր կապին, Արմեն Սարգսյանը հայտնել է, որ ոչ ինքը, ոչ էլ  իր ընտանիքի որևէ անդամ մեկ դոլարի շահ չունի ու  չի ունեցել Ամուլսարի հանքից: Նախագահը նաև իր պատրաստակամություն է հայտնել ցուցարարների խմբի հետ հանդիպել արդեն նախագահի նստավայրում և քննարկել Ամուլսարի հանքի և բնապահպանական այլ հարցեր: Հանդիպման ավարտին ցուցարարներն սկսել են շուրջպար բռնել՝ հրավիրելով նախագահին։ Արմեն Սարգսյանը միացել է պարողներին։

Back to top button