Հասարակություն

Նվիրատուները՝ ԿԳ նախարարի հայտարարության մասին


Վերջերս ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում  տարածել էր, որ պետական բուհերի ռեկտորների հետ հանդիպման ժամանակ նրանց ազատել է  Հայաստանի երիտասարդական հիմնադրամին պարտադիր գումարներ վճարելու պարտականությունից:

Հիմնադրամի հետագա ճակատագրի մասին «Ռադիոլուր»-ի հարցմանը կառույցից խոստացել են պատասխանել վաղը: «Ռադիոլուրը» զրուցել է նվիրատվություն կատարած կառույցների ղեկավարների հետ, լսել նրանց դիրքորոշումը:

Կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը բուհերի ռեկտորներին ազատում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամին կատարվող վճարումներից։

«Հսկայական գումարների ավելացում կրթական համակարգում:

-Ասում էիք փող չկա»,- ֆեյսբուքյան էջում գրել է նախարարը։

Երիտասարդական հիմնադրամի 2017 թվականի ամենախոշոր նվիրատուներից է Երևանի պետական համալսարանը, փոխանցել է է 125 միլիոն դրամ: Ռեկտոր Արամ Սիմոնյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հայտնեց, որ  պարտավոր են ենթարկվել նախարարության որոշմանը:

Արամ Սիմոնյանը թեև 2000-ականներին չի ղեկավարել բուհը, սակայն փոխանցեց այդ ժամանակ ձեռք բերված   բանավոր պայմանավորվածությունը: Բուհերը չեն վճարի ավելացած արժեքի հարկը, սակայն դրա փոխարեն իրենց արտաբյուջեի 2 տոկոսը կհատկացնեն  երիտասարդական հիմնադրամին՝ երիտասարդական ծրագրերը ֆինանսավորելու համար: Այդ գումարների 50 տոկոսը  ծրագրերի տեսքով վերադարձվում է բուհերին՝ ասում է ռեկտորը:

«Օրինակ, մենք  վերջին տարիներին  40-50 տոկոսն անում էինք ծրագրերով, այսինքն հետ էինք ստանում:  Բուհեր կային, որ չէին անում, բուհեր էլ կային, որ արտաբյուջե չունեին, չէին վճարում»:

Այս տարվա  նվիրատվության մի մասը՝ 25 միլիոն դրամը, բուհը կատարել է հունվարին: Սակայն 15 միլիոն դրամը պետական համալսարանին հետ է վերադարձվել ուսանողների վարձավճարների զեղչերի տեսքով:

«Այսինքն ուսանողներին զեղչ է արվել 15 միլիոնի»:

Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը նույնպես նշեց, որ նախարարից  նվիրատվությունը դադարեցնելու վերաբերյալ հանձնարարական ստացել են: Այս կառույցը 2017 թվականին հիմնադրամին նվիրաբերել է 100 միլիոն դրամ:

«Վերաբաշխում կանենք և այլ բաների վրա կծախսենք»:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի 2017 թվականի հաշվետվությամբ՝ կառույցը մի քանի տասնյակ կազմակերպություններից ստացել է ավելի քան 650 միլիոն դրամի նվիրատվություն,  ևս 280 միլիոն դրամ ստացել է պետբյուջեից:

Կրթության փորձագետ  Սերոբ Խաչատրյանը  համաձայն է նախարարի որոշման հետ: Դա հնարավորություն կտա բուհերին  ինքնուրույն կառավարել  իրենց գումարները: Սակայն համաձայն չէ այն դիտարկմանը, թե դրանով  բուհերը խոշոր գումարների խնայողություն կկատարեն։ Գումարների մի մասը ծրագրերի տեսքով հետ էր վերադարձվում բուհերին, ասում է: Ուսանողների վճարած վարձավճարներով  օգնության կարիք ունեցող  ուսանողներին  աջակցող  հիմնադրամի  գործունեությունը  որքանո՞վ է անհրաժեշտ.

«Հիմնադրամի ղեկավարությունը կառավարությունն է: Նախագահը Նիկոլ Փաշինյանն ինքը պետք է որոշի շարունակում են, չեն շարունակում: Ես դեմ եմ, որ շարունակովի: Կարծում եմ, բուհերն իրենք պետք է  տնօրինեն»:

 ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը  հիշեցրեց, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը հանրապետության վարչապետն է, իսկ հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկը կրթության և գիտության նախարարը:

«Այսօրվա նախարարը պետք է իմանա, որ դա որևէ անձի  հիմնադրամ չէ: Եվ եթե ձևակերպումները ճիշտ կլինեն, դրա մասին արդեն կարելի է խոսել»: 

Երիտասարդական հիմնադրամից խոստացան մեր հարցերին պատասխանել վաղը:

Back to top button