Քաղաքական

Համաներումից մինչեւ կենսաթոշակի բարձրացում՝ ԱԺ լիագումար նիստում

Այսօր սկսվել է ԱԺ լիագումար նիստը, որը առաջինն է իշխանափոխությունից հետո: Օրենսդիր մարմինը, կարելի է ասել, առանց խափանումների աշխատել է, քննարկել է օրակարգում ընդգրկված նախագծերը:

Այս նիստը հետաքրքիր է նաեւ նրանով, որ քաղաքական իրողությունների փոփոխությունից հետո այսօր խորհրդարանում պատգամավորների հայտարարության օրն է, իսկ վաղն արդեն նոր կառավարությունը կգա ԱԺ՝ հին ընդդիմադիրները կգան պատասխանելու նոր ընդդիմադիրների հարցերին:

Ներքաղաքական իրավիճակի փոփոխությունը խորհրդարանում այս պահի դրությամբ ոչինչ չի փոխել: Այսօր՝ լիագումար նիստից առաջ որեւէ քաղաքական ուժ խորհրդարանում չհայտարարեց ընդդիմությունից իշխանություն կամ իշխանությունից ընդդիմություն տեղափոխվելու մասին, թեեւ կատակներն ու ակնարկները ողջ օրվա ընթացքում եւ տարբեր քննարկումներում նկատվում էին:

Դիրքերի փոփոխության մասին անընդհատ հիշեցնողը ԱԺ փոխնախագահ, հանրապետական Էդուարդ Շարմազանովն էր: Եթե «Ծառուկյան» խմբակցությունից պատգամավորները նորմալ էին վերաբերվում այդ հիշեցումներին, ապա «Ելք»-ից  Էդմոն Մարուքյանին այդ ակնարկն ակնհայտորեն դուր չեկավ:

«Շատ սուր էր ձեր կատակը, պարոն Շարմազանով»,- նկատեց Էդմոն Մարուքյանը:

Ի պատասխան՝ Շարմազանովն ասաց. «Իմ ասածի մեջ ո՛չ կատակ է, ո՛չ էլ այլ բան, իշխանություն եք, ասում եմ՝ իշխանություն»:

Ամեն դեպքում՝ իրողությունների փոփոխության արդյունքում առաջնահերթ երկու քայլերը Էդմոն Մարուքյանը մատնանշեց արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանին: Քննարկվող հարցերից մեկի ժամանակ պատգամավորն առաջ քաշեց համաներում հայտարարելու անհրաժեշտությունը:

«Քաղաքական իրավիճակ է փոխվել և պետք է մտածել համաներման մասին: Համաներման հարցը պետք է քննարկել, որովհետև քրակատարողական հիմնարկներն այսօր ծանրաբեռնված են, ու մեծ պահանջարկ կա: Մենք կարող ենք համաներման հարցը քննարկել, գերծանրաբեռնվածության հարցը լուծել: Առաջարկում եմ սկսել համաներման հարցի քննարկումը: Վաղ, թե ուշ՝ գալու ենք սրան»:

Մարուքյանի համոզմամբ՝ հարցը վաղ, թե ուշ քննարկվելու է եւ նա հորդորեց փոխնախարարին առաջարկը քննարկել իրենց գերատեսչությունում, որի ղեկավարը, ի դեպ, հենց «Ելք» խմբակցությունից էր՝ «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը:

Փոփոխություններից հետո այսօր խորհրդարան էր եկել նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը: Փոխնախարար Սմբատ Սաիյանը նոր կադրերից չէ, եղել է նաեւ նախարարության հին կազմում: Ստիպված էր այսօր պարզաբումներ տալ՝ արդյո՞ք վերջին 3-4 տարիների ընթացքում պետությունն իսկապես հնարավորություն չի ունեցել բարձրացնել կենսաթոշակները:

Հայտարարությունն ուշագրավ է նրանով, որ 2-3 հազար դրամով կենսաթոշակները բարձրացնելու համար բյուջեից անհրաժեշտ է լրացուցիչ 12-14 միլիարդ դրամ: Տնտեսական հաշվարկների համաձայն՝ Հայաստանի դեպքում 1 տոկոսի աճը համարժեք է հենց այդքան գումարի: Այս հատվածում բավարար է միայն իմանալ, որ անցյալ տարի կառավարությունը սահմանել էր 3.5 տոկոսի տնտեսական աճ, բայց հայտարարությունների համաձայն՝ 7 տոկոսից ավելի աճ է գրանցվել: Այստեղից առաջացող հարցերը հնարավոր կլինի պարզաբանել բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ՝ հուշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Փոփոխությունների համատեքստում կարելի է դիտարկել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի 2017-ի տարեկան զեկույցը, որը ներկայացվեց պատգամավորներին: Այս փաստաթղթում զգալի մաս հատկացվել է խորհրդարանական ընտրություններին եւ դրանց ընթացքին:

Թեեւ ընտրությունները մեկ տարի առաջ էին, բայց ԱԺ աշխատանքներին այսօրվանից միացավ միանգամից վեց նոր պատգամավոր՝ 4-ը «Ելք» խմբակցությունից եւ մեկական նոր պատգամավոր Հանրապետական եւ Դաշնակցություն խմբակցություններում: Մանդատները ստացած պատգամավորները՝ Ալեն Սիմոնյանը, Հակոբ Հակոբյանը, Ռուզաննա Առաքելյանը, Հրաչյա Հակոբյանը, Հովիկ Աղազարյանը եւ Հայկ Կոնջորյանը այսօր ԱԺ ամբիոնից կարդացին պատգամավորի երդման տեքստը:

Խմբակցություններում տեղի ունեցած փոփոխությունները պայմանավորված են վերջին ներքաղաքական իրողություններով։ Դաշնակցական Աղվան Վարդանյանը եւ հանրապետական խմբակցությունից Գրիգոր Ավալյանը մանդատները վայր դրեցին վարչապետի ընտրություններին չմասնակցելու պատճառով։

Դե իսկ «Ելք» խմբակցության փոփոխությունները կապված են կառավարության նշանակումներով՝ խորհրդարանից միանգամից 4 պատգամավոր գործուղվեց գործադիր մարմնում աշխատելու համար:

Back to top button