Քաղաքական

Հայտարարությունների ժամ՝ առաջինը իշխանափոխությունից հետո


Այսօր Աժ-ում հայտարարությունների ժամն էր՝ առաջինը իշխանափոխությունից հետո:  

Հետաքրքիր էր, թերեւս, Հանրապետականի կեցվածքը: Գործադիրում իշխանությունը կորցնելուց հետո այն ամեն դեպքում դեռ մեծամասնություն է խորհրդարանում: Հայտարարությունների ժամին Աժ-ի փոխնախագահ, հանրապետական Էդուարդ Շարմազանովը հստակ հայտարարեց, որ «մեր երկրում ներքաղաքական զարգացումների նոր փուլ է՝ կա նոր կառավարություն եւ նոր ընդդիմություն»:

Ընդդիմություն ասելիս նկատի ուներ իրենց՝ հանրապետականներին: Նրանք մի քիչ այլ կերպ են պատկերացնում իրենց  ընդդիմադիր գործունեությունը: Շարմազանով ասում է՝ որոշ հարցերում լինելու խիստ սկզբունքային եւ անզիջում, որոշներում՝ անգամ աջակցելու են նոր իշխանություններին:

Նորաթուխ ընդդիմությունը զգուշացրեց իշխանությանը, որ կա հստակ մի քանի հարց որտեղ զիջումներ չեն անելու: Հայտարարության մեջ Շարմազանովը թվարեկց 5 կետ: Դրանք են՝ այլակարծության եւ ժողովրդավարության զարգացումը՝ քաղաքական հանդուրժողականության հարցում խորհուրդ տվեց օրինակ վերցնել հանրապետականներից:

Երկրորդ կետը՝ Արցախի հարցն է, որտեղ՝ հստակ պնդում են՝ Հայաստանը հակամարտության կողմ չէ եւ որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը քննարկման ենթակա չէ:

Երրորդ կետով՝ Հանրապետականների  համար առաջնային են Ազգային անվտանգության եւ բանակաշինության խնդիրները, չորրոդ կետով հանրապետականները պահանջում են տնտեսության դիվերսիֆիկացում եւ տնտեսական աճի տեմպերի պահպանում եւ 5-րդ՝ Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին պետք է պահպանվի եւ խորացվի:

Կաջակցեն արդյոք նոր կառավարությանը Հանրապետական խմբակցության մյուս պատգամավորները չգիտենք, բայց հանրությանը իր օգնությունն առաջարկեց կրթության եւ գիտության նախկին նախարար, պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Բոլոր նրանց, ովքեր զգան, որ ինչ որ ձեւով հետապնդվում են հորդորում է դիմել իրեն: Պատգամավորը մի քանի մտահոգություն ունի, որ այս պահին՝ որոշ գործողություններ հակասում են Սահմանադրությանը:

 


Հատված Ռադիոլուրի 18.00-ի եթերից

Ցուցադրել ավելի
Back to top button