ԿարևորՔաղաքական

Երբ կանցկացվեն արտահերթ ընտրությունները


Ե՞րբ կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ քաղաքական զարգացուըմների հետ հարցի պատասխանը ոչ միայն չի որոշակիանում, այլև ավելի անորոշ է դառնում՝ վերածվելով ներքաղաքական գլխավոր ինտրիգի:

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ արտահերթ ընտրությունների հարցը շարունակում է առաջնահերթություն մնալ, վարչապետը, սակայն, հստակ ժամկետներ չի նշում:

Հանրապետական կուսակցությունը չի շտապում դիրքորոշու մ հայտնել, բայց նաև ակնարկում է՝ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում:

Մեկ տարի առաջ խորհրդարանական բոլոր ուժերը համոզված էին, որ 6-րդ գումարման Ազգային ժողովn անխափան կաշխատի մինչև 2022 թվականը: Մեկ ամիս առաջ շատերն արդեն կասկածում էին ու փորձում գուշակել, թե քանի ամիս է մնացել աշխատելու խորհրդարանի այս կազմին: Գուշակությունները դեռ շարունակվում են, քանի որ քաղաքական ուժերի հայտարարությունները ոչ թե որոշակիացնում, այլ ավելի անորոշ են դարձնում արտահերթ ընտրությունների ժամկետային հեռանկարը: Այնքան, որ խորհրդարանական փաստացի մեծամասնության ղեկավարը հորդորում է այդքան չշտապել:

«Արդեն շատ եք առաջ գնում, 2022-ին ենք ընտրություններին մասնակցելու»:

Մինչև վարչապետ ընտրվելը Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունների անցկացումը կապում էր կառավարության ծրագրի չհասատաման հետ. մասնավորապես նշում էր, որ քաղաքական համաձայնությամբ կառավարության ծրագիրը խորհրդարանում հավանություն չի ստանա, ինչն էլ հիմք կդառնա Ազգային ժողովի արձակման և արտահերթ ընտրությունների անցկացման համար: Վարչապետ ընտրվելուց և կառավարություն ձևավորելուց հետո այս օրակարգը վերախմբագրվեց, քանի որ այդքան կարճ ընթացքում գրեթե անհնար էր նախապատրաստվել ընտրություններին:

Հիմա արդեն Նիոկոլ Փաշինյանի կառավարությունը պատրաստվում է խորհրդարանին ծրագիր ներկայացնել և դատելով երկարաժամկետ ծրագրերի առկայությունից՝ լրագրողները հետաքրքվում են՝ արդյոք շեղվել են օրակարգից:

«Արտահերթ ընտրությունների անցկացումը առաջնահերթություն է մեզ համար, բայց դա չի նշանակում, որ դա միակ խնդիրն է, որ մենք պետք է լուծենք: Կառավարությունը պետք է բնականոն գործի, կառավարությունը ունի և ունենալու է երկարաժամկետ ծրագրեր, ինչը չի նշանակում, որ մեկը մյուսին հակասում է: Ի վերջո այդ արտահերթ ընտրություններում այս կառավարությունը նույնպես հանդես է գալու, թե ինչ ֆորմատով՝ դա արդեն ուրիշ խնդիր է»:

Լրագրողների հետ մեկ այլ զրույցում հարցին՝ ա՞յս, թե՞ հաջորդ տարի կանցկացվեն ընտրությունները, Փաշինյանը պատասխանել էր՝ կարծում եմ այս տարվա ընթացքում, բայց նաև հավելել, որ փորձելու են արագ, բայց անշտապ գործել, որպեսզի «ափալ-թափալ» գործողություններ չլինեն: Հապշտապ գործողություններին դեմ է խորհրդարանաի փաստացի մեծամասնությունը: Էդուարդ Շարմազանովն ասում է ՝ չեն շտապում դիրքորոշում հայտնել, քանի որ դեռ չեն սկսվել քաղաքական քննարկումները:

Էդուարդ Շարմազանովը չի թաքցնում նաև հիմնական մտահոգությունը՝ այո , քաղաքական իրավիճակը փոխվել է, բայց դա չի նշանակում որ ամեն փոփոխության պետք է փոխպվի նաև խորհրդարանը: Հրոդորում է սա անձնական նկատառումով ասված դիտարկում չհամարել:

Ծառուկյան խմբակցությունը տարբեր առիթներով հայտարարել է, որ հիմա էլ պատրաստ է մասնակցել ընտրություններին, բայց կարևորում է դրանք ընտրական օրենսգրքի բարեփոխումից հետո անցկացնելը : Իսկ ահա Դաշնակցությունն առանց լուրջ բարեփոխումների ընտրության գնալն անիմաստ է համարում: Արտահերթին պետք է լրջորեն նախապատրասվել, այնպես, որ դրանց արդյունքները որևէ կասկած չհարուցեն ՝ ասում է՝ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով՝ հստակ ժամկետներ դժվար է նշել, քանի որ դեռ պարզ չէ, թե օրենսգքրի բարեփոխումն ինչ ընթացք կունենա և ինչ ժամանակ կպահանջի:

Ի դեպ, Արմեն Ռուստամյանն անգամ չի բացառում, որ արտահերթ ընտրություններ չանցկացվեն: Կարծում է՝ արտահերթ ընտրությունների քաղաքական անհրաժեշտությունը սուր կլինի, եթե լուրջ հակասություն առաջանա գործադիրի և օրենսդիրի միջև: Իսկ եթե այդ հակասությունն անհաղթահարելի չլինի, կարող է անգամ օգտակար լինել՝ ասում է Արմեն Ռուստամյանը՝ նկատի ունենալով, որ հակակշիռ ու զսպման մեխանիզմներ պետք են բոլոր կառավարություններին:

Back to top button