Հասարակություն

Բնապահպանները պատրաստ են օգնել բնապահպանության նախարարությանը

Նոր կառավարությունից մենք չենք ստացել այն մեսիջը, որ իրենք պատրաստ են ավելի լուրջ քայլերի, քան օրենքներ ընդունելը, հանձնարարականներ տալը, ինչը արել են նախորդ կառավարությունները։

Այս մասին «Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը» թեմայով քննարկման ժամանակ ասել է աշխարհագրագետ, Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը։

Քննարկման մասնակիցներից բնապահպան Ինգա Զարաֆյանը նկատել է, որ մի շարք խնդիրներ լուծելու համար, օրինակ՝ Սեւանի խնդիրները, անտառների պահպանման հարցերը, ամենեւին էլ քաղաքական կամք չեն պահանջվում, այլ՝ ընդամենը գոյություն ունեցող օրենքների կիրառում է պետք եւ օրենքը խախտողներին պատասխանատվության ենթարկել:

Բնապահպանները նորմալ կառավարում ձեւավորելու կոչ են արել: Մետաղային հանքարդյունաբերության հարցում էլ՝ շեշտել են, որ վնասներն ավելին են, քան օգուտները, հետեւաբար՝ պետք է զերծ մնալ նոր հանքեր շահագործելուց:

 

 

Բնապահպանները ամենամտահոգիչը համարում են մետաղական հանքարդյունաբերության ոլորտում տիրող վիճակը: «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյան.

«Այս պայմաններում, կարծում ենք, որ նոր կառավարությունն ավելի հստակ կպատասխանի հարցերին եւ կլուծի իրենց կողմից բարձրացված խնդիրները: Հանքարդյունաբերության ոլորտում առաջնային են համարում Ամուլսարի հարցը»:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյան. «Ազգային անվտանգության խնդիր է, որը չի ընկալվել: Ապշելու բան է՝ ամեն կերպ փախչել խնդիրներից: Հույս ունեմ, որ այս մոտեցումը կփոխվի նոր կառավարության մոտ»:

Հանդիպումը նոր նախարարի հետ հույս է ներշնչում, որ խնդիրները լուծում կունենան, որովհետեւ նախարարի մի շարք մտահոգություններ համահունչ են՝ հավելեց Կարինե Դանիելյանը:

Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը, սակայն,  հանքարդյունաբերության ոլորտի հետ կապված սպասելիքներ չունի նոր կառավարությունից: Չի տեսնում, որ այդ հարցով փոփոխություն կա գիտակցական առումով.

«Այս հեղափոխությունից հետո, մենք հույս ունենք, որ կառավարության գիտակցության մեջ փոփոխություն կլինի նաեւ այդ առումով: Այս պահին, ցավոք սրտի, դա  ես չեմ տեսնում եւ իմ ընկերներն էլ չեն տեսնում, որովհետեւ  նորից խոսվում է միայն տնտեսական շահը գերադասելու մասին առաջին հերթին, հետո նոր՝ էկոլոգիական բաղադրիչի»:

Այնինչ, ըստ նրա, Հայաստանի նման երկրի համար էկոլոգիական անվտանգությունը հավասարազոր է ռազմական անվտանգությանը: Ավելին՝ էկոլոգիական կորցված տարածքը հնարավոր չէ ետ բերել՝ ի տարբերություն ռազմականի՝ շեշտեց Լեւոն Գալստյանը:

«Այս գիտակցությունը եթե չլինի փոփոխություն ակնկալելը շատ բարդ կլինի»:

«Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանի կարծիքով էլ  պետք է վերանայել կառավարման մոտեցումները եւ պետք է դրվի անհատական պատասխանատվության խնդիր, ինչն էլ պետք չէ անձնավորել:

«Բնակչությունը տոտալ դեմ է արտահայտվում հանքարդյունաբերությանը: Վերաբերմունքը բացասական է, քանի որ ոլորտում կան առանցքային խնդիրներ, որոնք անհամատեղելի են դարձնում նորմալ կենսագործունեությունն այդ ճյուղի հետ»:

Լեռնահանքային արդյունաբերության մասին խոսելիս՝ պիտի կարողանանք հստակ գնահատել, թե ի՞նչ ենք ստանում եւ ի՞նչ ենք կորցնում դրա արդյունքում: Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության բաժնի պետ Արամ Աղասյան.

«Միանշանակ ասել, թե մեզ հանքարդյունաբերություն պետք չէ, այդպես էլ չի կարելի: Այսինքն՝ պետք է զերծ պահել արժեքավոր բնապահպանական տարածքները այդ հանքարդյունաբերությունից: Սա այլ խնդիր է»:

Որոշակի թվեր ներկայացնելով՝ Լեւոն Գալստյանը համոզմունք հայտնեց, որ  ակնհայտ վնասներն ավելին են, քան օգուտները: Հետեւաբար՝ կարծում է, որ նոր հանքերի շահագործմանն ուղղված քայլերը դադարեցնել է պետք, հատկապես՝ խոսքն առաջին հերթին Ամուլսարի մասին է, ապա նաեւ՝ Թեղուտի, Լիճքի, Մեղրիի եւ Կապանի տարածքում տարվող աշխատանքների: Ուսումնասիրություններ կատարելը դեռեւս չի նշանակում, որ պարտադիր հանք է շահագործվելու՝ նկատեց Արամ Աղասյանը:

Բնապահպանները պահանջեցին, որ առանց հանրային քննարկման որոշումներ չկայացվեն: Ասացին, թե պատրաստ են օգնել բնապահպանության նախարարությանը՝ նաեւ բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ կազմակերպելով եւ ամենաարդյունավետ լուծումներ գտնելով: 

Back to top button