ԿարևորՀասարակություն

Ե՞րբ կտան զինվորների նոր հագուստը, ու ո՞վ կլվանա այն

Ե՞րբ կտան զինվորների նոր հագուստը, ու ո՞վ կլվանա այն.  հարցը հանրության լայն շրջանակներում սկսեց շրջանառվել վարչապետ Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո՝ այլեւս որեւէ ծնող իր զինծառայող որդուն հագուստ ու հիգիենիկ պարագա չպետք է ուղարկի:

Հագուստից ու հիգիենիկ պարագաներից առաջ նախ այս մասին տեղեկություններն են հասել զինծառայողներին ու նրանց ընտանիքներին: Առայժմ դրանց ձեռքբերման, որակի ապահովման հարցերն են կարգավորվում:

Կառավարությունում սպասում են արձագանքների ու դժգոհությունների, եթե մոտ ապագայում որեւէ զինծառայող որեւէ զորամասում շարունակի որակյալ հագուստի ու հիգիենիկ պարագայի խնդիր ունենալ. վարչապետի հայտարարությունն է, որին հաջորդել էր Փաշինյանի կոչը՝ զինծառայողների ծնողներին:

«Կոչ եմ անում այս պահից սկսած որեւէ պարագայում ձեր երեխաների համար չուղարկել այն ամենը, ինչ որ պետությունը պարտավոր է տալ զինվորին՝ սկսած հիգիենիկ պարագաներից՝ վերջացրած ներքնաշորերով ու սննդով»:

Պաշտպանության նախարարությունը շտապեց հաստատեց՝ տարվա երկրորդ կիսամյակից նոր հագուստն ու հիգիենիկ պարագաները կհասնեն  զինվորին: Առայժմ նախորդում են անհրաժեշտ ընթացակարգեր՝ պետական գնումներ,  մրցույթներ: Նախկինում զինվորը բանակում ստացածը մեկ անգամ հագնում, դեն էր նետում, նորը ստանում: Իսկ տնից ուղարկվածը ձեռքով էր լվանում՝ նկատում է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հիմա արդեն մեկանգամյա օգտագործման հագուստի փոխարեն ձեռք է բերվում բազմակի օգտագործման որակյալը: Սա ենթադրում է զորամասերում լվացքի մեքենայների տեղադրում։ Ըստ այդմ՝ փոփոխվել է նաեւ նախարարության գնումների տարեկան պլանը՝ «Ռադիոլուրին» ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

«Ինչ-որ մրցույթ գուցե հայտարարվել է, հայտարարման փուլում է, ինչ-որ բան տեխնիկական բնութագրերի ձեւակերպման փուլում է եւ այլն»:

Պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի թիկունքային ապահովման վարչության պետ Վաղարշակ Գասպարյանը մանրամասնում է՝ առավել որակյալ հագուստի ու պարագաների տրամադրման պլանավորումը դեռ 2017-ից է սկսվել, 2018-ի բյուջեով նախատեսվել: Պետգնումների մրցութային հանձնաժողով է կազմվել: Իսկ գնումները միջինում 2 ամիս են տեւում:

«Ներքնազգեստի մրցույթը հայտարարվել է հունվարին, բացվել՝ փետրվարին: Այժմ պայմանագրերը կնքված են: Իսկ լվացքի մեքենաների ձեռքբերման մրցույթը հայտարարվել է ապրիլին, բացումը տեղի կունենա մայիսին»:

Բանակում որակյալ հագուստի խնդրի մասին պաշտոնապես էլ է խոսվում: Դրա լուծման քայլերը սկսվել էին դեռ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում: Այժմ մոտեցումը շարունակվում է, բայց սկզբունքային տարբերությամբ՝ ասում է Արծրուն Հովհաննիսյանը:

«Վերադառնում ենք բազմակի օգտագործման, ուղղակի ավելի որակյալ ներքնազգեստի, որը ենթակա է լվացման: Նախորդները լվացման ենթակա չէին»:

 Զինվորներին մատակարարելիս նախընտրելի է համարվում տեղական արտադրանքը, իսկ դրանք արտադրողներն առանձնապես մեծ թվով չեն ու առանձնապես մեծ թվով էլ չեն մասնակցում պետգնումների մրցույթներին: Մամուլում տարբեր մեկնաբանություններ կան պետգնումների սահմանափակումների, կեղծիքների, խախտումների մասին: Նման խնդիր բարձրաձայնել էր Արծրուն Հովհաննիսյանը՝ ապրիլին համացանցում արված գրառմամբ: Մեջբերեմ:

«ԳԵՎԳՐՈՒՊ» և «Մասիսի գարուն» ընկերությունների հայտերը գնահատվել են ոչ բավարար և մերժվել՝ համաձայն ՀՀ ՊՆ ընթացակարգերի: «ԳԵՎԳՐՈՒՊ» ընկերության մատակարարած կիսավարտիք մեկանգամյա օգտագործման ապրանքատեսակից 52 000 հատ հետ է ուղարկվել մատակարարին՝ անորակության պատճառով, իսկ կազմակերպության նկատմամբ կիրառվել են տույժեր և տուգանքներ:

Պետգնումներին առնչվող փոփոխություններից, հագուստի որակի բարելավումից զատ՝ նաեւ զինվորի առօրյան կփոխվի: Լվացքն այլեւս իրենց գործը չի լինի: Ո՞վ կլվանա զինվորի հագուստը՝ փոխանցում եմ հաճախ հնչող հարցը:

« Վաշտային տնտեսության պատասխանատու հրամանատարություն կա՝ վաշտի ավագ, սերժանտներ, վաշտի հրամանատարն է հիմնական պատասխանատուն: Լվացքի մեքենաները տեղակայվելու են համապատասխան ստորաբաժանումներում»:

Այս ամենը 1 օրվա գործ չէ՝ շարունակում է Արծրուն Հովհաննիսյանը: Ձմռանից մեկնարկած ու նոր շեշտադրումներ ստացած գործընթացը նյութականից զատ նաեւ հոգեբանական կողմ ունի: Առավել ապահով ձեռքերում զինվոր որդի ունենալը ծնողին է ոգեւորում: «Ծնողի ուղարկածն ավելի լավն է» հոգեբանական մոտեցումն էլ զինվորների մոտ կփոխվի:

Back to top button