ԿարևորՔաղաքական

Հայկական ոճով «թավշյա հեղափոխությունը» կարող է աշխարհում դառնալ ապրանքանիշ


«Հայաստանը վաղը․ քաղաքացիական դիվանագիտությունը՝ գործողության մեջ». Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի այս քննարկմանը մասնակցել են ոչ միայն ամերիկացի եւ ամերիկահայ փորձագետները, այլեւ Հայաստանի նախագահն ու վարչապետը, Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակը։

Քննարկմանը հետեւել եւ ուշագրավ դրվագները ի մի է բերել «Ռադիոլուր»-ը:

 

«Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանում շատերն ակնկալում են, որ հայտնի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն հստակ բանաձև կառաջարկի երկրի զարգացման համար: Աճեմօղլուն, սակայն,  թեև պատրաստ է խորհրդատվություն տրամադրել, բայց ասում է, որ որևէ երկրի պարագայում չի կարող լինել առաջ շարժվելու հստակ  դեղատոմս:

«Ես ուրախ կլինեմ անել առավելագույնը, քանի որ սա պատմական հնարավորություն է Հայաստանի համար, սակայն ես կարող եմ միայն խորհուրդ տալ։ Եթե խոսք գնար կամուրջ կամ ամբարտակ կառուցելու մասին, ես կկարողանայի հստակ պլան գծել»,- ասում է Աճեմօղլուն:

Ըստ նրա, փոփոխությունը երկու կողմ ունի: Առաջինը՝ պետք է լինի քաղաքական խաղաղ անցում, որպեսզի իրադարձությունները դուրս չգան վերահսկողությունից և վերածվեն քաղաքացիական պատերազմի: Հայաստանը հրաշքով կարողացավ դա անել:

Աճեմօղլուի կարծիքով, գործընթացի երկրորդ կողմն էլ կա, որը պակաս բարդ չէ։ Ինչպե՞ս  ստեղծել մի համակարգ, որտեղ ապահովված կլինեն խաղի հավասար պայմաններ:

«Մենք գիտենք, որ սա պահանջում է ազատվել կոռումպացված վերնախավից, ներդնել նոր ինստիտուցիոնալ տարրեր, այնպես որ՝ նոր համակարգը չվերածվի մի բանի, որտեղ նոր անհատների ու խմբերը կդառնան կոռուպցիայի շահառուներ»:

Նա նաև հորդորում է շարունակել զարգացնել մարդկային կապիտալը, օգտվել լավ սկզբի ընձեռած հնարավորություններից և հակառակորդներին պատժելու փոխարեն նայել դեպի ապագան:

«Խնդիրը ընդդիմախոսներին պատժելը չէ, խնդիրն ինստիտուցիոնալ ողնաշար ստեղծելն է: Սա վերաբերում է ոչ միայն քաղաքական տիրույթին, այլև դատական համակարգին, բյուրոկրատիային և այլն»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, իր հերթին, շեշտում է, որ Հայաստանի Հանրապետության գոյության իմաստը հայության սոցիալական, տնտեսական, ֆինանսական, գիտական ներուժի կամ դրա զգալի մասի՝ իր տարածքում կենտրոնացնելն ու այդ ներուժի անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելն է:

 «Մեր խնդիրը մեր ժողովրդի արտագաղթի հազարամյա անիվը կանգնեցնելն ու հետ պտտելն է, Հայաստանը դարձնել մի պետություն, որն ուղղված է հայության ներուժի պահպանմանը և նրա բնականոն գործունեության ապահովմանը: Այս նպատակին հասնելու համար պետք է հասնենք նրան, որ ՀՀ քաղաքացին լինի բարձրագույն իշխանությունը: Սա պետք է լինի Հայաստանի ապագայի անկյունաքարը»,- ասում է վարչապետը:

Նա նշում է, որ նոր ձևավորված կառավարության առաջնային խնդիրն է դառնալ ժողովրդի ինստիտուցիոնալ իշխանության երաշխավորը: Ըստ նրա,  վերջին փոփոխություններից հետո քաղաքացիների ներգրավվածություն ապահովելու խնդիր չկա, և  ամենակարևորն այն է, որ քաղաքացին պայքարի իր իրավունքի համար.

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն էլ ասում է, որ Հայաստանը փոքր պետություն է, բայց՝ գլոբալ ազգ: Հետևաբար, ըստ նրա, չպետք է բաց թողնել ստեղծված հնարավորությունը՝ հայության ներուժը Հայաստանին ծառայեցնելու համար:

«Որպես հայ մենք  պետք է հպարտանանք այն ամենով, ինչին հասանք 2018-ի ապրիլ-մայիսին։ Սա ստիպում է հայերին՝ առաջին հերթին երիտասարդներին, հավատալ, որ իրենք են երկրի տերը, արժեքների, ժառանգության և երկրի ապագայի տերը», — ասում է Արմեն Սարգսյանը:

Արմեն Սարգսյանն ասում է, որ երբ իրեն առաջարկեցին դառնալ նախագահ, ինքը մտածում էր, որ  ունի 7 տարի տարբեր քննարկումների միջոցով, էվոլյուցիոն ճանապարհով հասնելու  նրան, որ մարդիկ իրենց քաղաքացի զգան՝ ազատորեն արտահայտեն իրենց կարծիքը, տեր կանգնեն իրենց  սեփական համոզմունքներին և ընտրատեղամաս գնալիս լինեն լավ քաղաքացի:

«Սակայն 7 տարվա փոխարեն դա տեղի ունեցավ 7 օրում», — ասում է նախագահը:

Նախագահը կարծում է, որ հայկական ոճով «թավշյա հեղափոխությունը» կարող է աշխարհում դառնալ ապրանքանիշ:

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին էլ նշում է, որ վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ հայերը իմաստուն ազգ են:

«Նրանք խուսափեցին տարածաշրջանում ժողովրդավարական հեղափոխությունների առաջին ալիքից՝ գունավոր հեղափոխություններից. Նրանք խուսափեցին հեղափոխությունների երկրորդ ալիքից՝ արաբական գարունից: Ինչու՞: Որպեսզի դիտարկումներ անեն և վերլուծեն՝ ինչն էր ճիշտ, ինչը սխալ և հետո նոր հեղափոխություն անել», — ասում է Ուսուպաշվիլին:

Ուսուպաշվիլին 2003- ի  հեղափոխությունից հետո զբաղեցրել է Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնը։ Թվարկում է՝ վրացական հեղափոխության երեք կարևոր սխալ և հորդորում Հայաստանի իշխանություններին չկրկնել դրանք:

Հեղափոխությունը չպետք է վերածվի վատ մարդկանց դեմ լավ մարդկանց պայքարի: Փոխարենը՝ պետք է լինի վատ քաղաքականության դեմ լավ քաղաքականության պայքար։ Երկրորդ, իշխանության եկող ուժը պետք է ունենա հեռանալու ռազմավարություն, ինչը նշանակում է, որ ամեն լավ բան չպետք է ասոցացվի մեկ անձի կամ մեկ խմբի հետ։ Երրորդ, ըստ նրա, քաղաքացին պետք է երկրի տերը լինի:

Back to top button