Քաղաքական

Արդարադատության իրականացման հիմքում չպետք է դրվի քաղաքական որոշում. փաստաբան

Բողոքները պետք է շարունակվեն, բայց դա չպետք է կաթվածահար անի ամեն ինչ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան  Լարիսա Ալավերդյանը՝ մասնավորապես անդրադառնալով «Սասնա Ծռեր» խմբավորման աջակիցների բողոքի ակցիաներին։

Լարիսա Ալավերդյանն ասաց, որ համաձայն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, ըստ որի՝ դատական պրոցեսների և քրեական գործերի հարցում որևէ «պատվեր» չպիտի լինի: 

Նա կարծում է նաեւ, որ խնդիրն արդար դատավարությունն է եւ հենց այդ խնդիրը դեռեւս մնում է: Փաստաբան Արա Ղազարյանն էլ համոզված է, որ հարցը բավականին նուրբ է, սակայն, մի բան հստակ պետք է արձանագրել՝ արդարադատության իրականացման հիմքում երբեւէ որեւէ քաղաքական որոշում չպետք է դրվի:

 

Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ ունենալով վստահության մեծ պաշար, Նիկոլ Փաշինյանը պետք է աշխատի բողոքող խմբերի հետ։ Նախկին օմբուդսմենը կոչ արեց արդար դատավարության իրավունքը պահպանել, քանի որ հիմնական դժգոհությունը դատավարությունից է։

«Ես համաձայն եմ Փաշինյանի այն բանաձեւի հետ, որ եթե նախկինում գործողություններն ընդհանուր առմամբ հին իշխանությունների դեմ էին ուղղված, ապա պետք է հասկանալ, որ նոր կառավարությանը ժամանակ է անհրաժեշտ խնդիրների լուծման համար: Քանի որ ստացվում է, որ բողոքի ակցիաներն այս իշխանություններին են հասցեագրված՝ այնպիսի գործողությունների համար, որոնք արվել են նախկին իշխանությունների կողմից»:

Լարիսա Ալավերդյանի համոզմամբ՝ պետք է հասկանալ, որ մանրակրկիտ քննություն եւ ո՛չ թե քաղաքական, այլ՝ իրավական մոտեցում պահանջող գործերի համար ժամանակ է անհրաժեշտ: Որովհետեւ կոշտ քայլերը քաղաքական որոշում կնշանակեին՝ ասաց: Փաստաբան Արա Ղազարյանը նույնպես կարծում է, որ արդարադատության իրականացման հիմքում երբեք չպետք է դրվի քաղաքական որոշում, որն ինքնին դատավարությունը կդարձնի անարդար:

Մեկնաբանելով քաղբանտարկյալների եւ այս կամ այն գործչին ազատ արձակելու պահանջով բողոքների վերաբերյալ հարցը՝ Լարիսա Ալավերդյանը նշեց, որ բողոքի ցույցերը կարող են շարունակվել, սակայն դրանք չպետք է խանգարեն մարմինների աշխատանքին, եւ եթե խոչընդոտներ են առաջանում, միջամտություն է անհրաժեշտ: Հարցն այն է, թե որքանով համարժեք կլինի անվտանգության ուժերի միջամտությունը:

«Սասնա Ծռերի» կողմից կիրառված ուժը մեզ թույլ չի տալիս նրանց խղճի բանտարկյալներ համարել եւ դա են ասում նաեւ միջազգային կառույցների սկզբունքները՝ շեշտեց նա: Փաստաբան Արա Ղազարյանը նույնպես այս մասով վկայակոչեց եվրոպական իրավունքն ու ընդունված բանաձեւերը.

Թե՛ Լարիսա Ալավերդյանը, թե՛ փաստաբան Արա Ղազարյանը համակարծիք էին, որ ոլորտն, ընդհանուր առմամբ, նրբանկատ մոտեցում է պահանջում: Ըստ իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի, սակայն, դա չի վերացմնում նրանց նկատմամբ արդար դատավարության կիրառման հարցը, քանի որ, նրա գնահատմամբ, բազմաթիվ խախտումներ կան: Ալավերդյանի խոսքով՝ իրավիճակը մարտահրավեր է պարունակում կողմերի համար:

«Արդյոք արդար դատավարություն է գնում «Սասնա ծռեր»-ի նկատմամբ: Ես գիտեմ, որ բազմապիսի գործողություններով ոտնահարվում են այդ արդար դատավարության իրավունքները: Այստեղ անհրաժեշտ է եւ նոր իշխանության համար, եւ երկրի, եւ այդ մարդկանց իրավունքների պաշտպանության համար, վերանայվի այդ մեթոդը: Ես համոզված եմ, որ դրա համար կան տարբեր մեխանիզմներ»:

Հայաստանի մարդոի իրավունքների առաջին պաշտպանն ասաց, որ ինքը համամիտ չէ  դատախազների եւ դատավորների արագ փոփոխման անհրաժեշտության հետ: Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրենը շեշտեց, որ դա կամայականություն կլիներ:

Նրա կարծիքով՝ բողոքի ակցիաների շարունակությունն իներցիա է: Կարծում է, որ իր ասածի իրականացումը կհանգեցնի դրանց պակասեցմանը: Չի կարելի թույլ տալ, որպեսզի ժողովրդավարությունը անարխիայի, ամբոխավարության վերածվի՝ եզրափակեց Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Back to top button