Հասարակություն

Երեւանի քաղաքապետարանի «կասկածելի» գնումները

Թանկարժեք հուշանվերների, կոնյակների եւ ծաղիկների մասին բազմիցս գրվել եւ հրապարակվել է: Երեւանի քաղաքապետարանը չի հերքել եւ անգամ ընդունել եւ հիմնավորել է պետբյուջեի հաշվին այդպիսի գնումներ կատարելու փաստը:

Այսօր քաղաքապետարանը կրկին ուշադրության կենտրոնում է: Աղմկահարույց ուռճացված ծախսեր բացահայտված չեն, բայց ոչ նպատակային ծախսերի կասկածները գրեթե հաստատված են:

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնն ուսումնասիրել է Երեւանի քաղաքապետարանի կատարած պետական գնումները:

Հեղափոխական շարժման օրերին արված պետգնումներում կոռուպցիոն ռիսկեր է նկատել Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի ղեկավար Արտակ Մանուկյանը: Առաջին փուլով ուսումնասիրել է Երեւանի քաղաքապետարանի գնումները:

«Կանաչապատումներ, կոմպոզիցիաների ստեղծում, այնպիսի բան, որը հնարավոր չէ վերահսկել: Հյուրասիրության ծառայություններ՝ հուշանվերներ են գնվել, ռիսկային ուղղություն է, փնտրում ես համացանցում պարզվում է, որ գնումն արվել է քաղաքապետի կնոջը պատկանող ֆիմայից»:

Երեւանի քաղաքապետարանի պետգնումների այսպես ասենք ախորժելի «տորթը», որի արժեքը 7 միլիոն 800 հազար դրամ է, առաջին հերթին օգտագործվում է շինարարության, աղբահանման, մեքենաների սպասարկման, հուշանվերների, ներկայացուցչական եւ գրասենյակային ծախսերի համար: Զարմանալի զուգադիպությամբ տարիներ շարունակ Երեւանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթները՝ հատկապես խոշոր գումարների դեպքում, մշտապես շահել են միեւնույն կազմակերպությունները, որոնց մասին տեղեկությունները շատ քիչ են:

Մտահոգիչ զուգադիպություններից է նաեւ հետեւյալ փաստը՝ Երեւանի քաղաքապետարանին հյուրասիրության, տրանսպորտային, մշակութային միջոցառումների ծառայություններ մատուցողների մի մասը 1 միլիոնից ավելի ֆինանսավորում են ստացել՝ փաստացի հանդիսանալով մեկ անձ-մեկ ընկերություն:

Տարբեր դրոշներ Հայաստանում կարելի է գնել եւ վերնիսաժում, որտեղ գները անհամեմատ ավելի թանկ են, զբոսաշրջիկների հետաքրքրությունից ելնելով, եւ տարբեր խանութներում, որտեղ հնարավոր է գտնել ընդունելի տարբերակ: Կարելի է անգամ գնում կատարել ինտերնետով: Բոլոր տարբերակներով էլ ասենք՝ Հայաստանի դրոշի գինը չի գերազանցում 3 հազար դրամը: Երեւանի քաղաքապետարանը, սակայն, անցյալ տարի ձեռք է բերել դրոշներ յուրաքանչյուրը՝ 3571 դրամ արժողությամբ:

Սա, սակայն, քաղաքապետարանի ամենաաղմկահարույց գնումներից չէ: Մինչ այս պահը թերեւս անմոռանալի են մոտ 30 միլիոն դրամի տարբեր տեսակի կոնյակները կամ էլ կիսաթանկարժեք քարերով զարդարված արծաթյա 3 գավաթը՝ 1.5 միլիոն դրամ մոտավոր արժեքով: Վերջին տարիների ընթացքում եղել են նաեւ այլ թանկարժեք գնումներ, որոնք Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը մշտապես փորձել է հիմնավորել:

Վերջին օրերին Երեւանի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիաներն ապացուցեցին՝ քաղաքապետարանի հանդեպ հանրային վստահությունն իրականում մեծ չէ: Քաղաքացիները, իհարկե, ցանկանում են տեսնել գեղեցիկ քաղաք, բայց վստահ չեն, որ գումարները ծախսվում են նպատակային: Հույզերն ու էմոցիաները մի կողմ դրած՝ օրեր առաջ սա էր փորձում բացատրել ցուցարարներից մեկը:

Ինչ վերաբերում է արդեն կատարված ուսումնասիրությանը, ապա այն արվել է, կարելի է ասել, բոլորին ի գիտություն: Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի ղեկավար Արտակ Մանուկյանն ասում է՝ պարզապես համադրել է տվյալները եւ վեր է հանել փաստերը: Իսկ դրանցում դեռ շատ ու շատ հետաքրքիր բացահայտումներ կան, որոնց պատասխաններն արդեն պետք է տան իրավապահները կամ պատկան այլ մարմինները:

Back to top button