Հասարակություն

Ստեղծվում է «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միություն»


ՀՀ կրթական ոլորտի մի շարք ներկայացուցիչներ, ուսումնական հաստատություններ և անհատներ կրթական համակարգի բարելավման նպատակով ստեղծում են «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միություն»։

Միության անդամները մանկավարժական տարբեր հայեցակարգերի կողմնակիցներ են եւ համոզված են, որ համագործակցության և գաղափարների փոխանակման, ստեղծագործական որոնումների մթնոլորտը կնպաստի ողջ կրթահամակարգի զարգացմանը:

Այլընտրանքային հանրակրթության աջակիցները կարծում են, որ կրթական ծրագրի ազատ ընտրության միջոցով հնարավոր է ապահովել սովորողի կրթության իրավունքը։

Այլընտրանքային հանրակրթության աջակիցների նորաստեղծ միության անդամները, լինելով տարբեր, երբեմն իրարամերժ մանկավարժական հայեցակարգերի կողմնակիցներ, համոզված են, որ համագործակցության և գաղափարների փոխանակման, ստեղծագործական որոնումների մթնոլորտը կնպաստի ողջ կրթահամակարգի զարգացմանը:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն  Աշոտ Բլեյանը, օրինակ, կարծում է, որ պետք է Հայաստանում իրականացնել հեղինակային կրթություն` բաց դռներով, առանց զանգի ու պահակի: Աշոտ Բլեյանը կոչ է անում հետևել այլընտրանքային կրթություն ստեղծելու օրինակին:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ է մեծապես կարևորում այլընտրանքային հարթակների ստեղծումը և այլընտրանքային հանրակրթության համատեքստում, ըստ նրա, պետք է շեշտադրել երեխաների անհատականությունը։ Մինչդեռ, ներկայումս գոյություն ունեցող համահարթեցումը ձախողման է տանում:

Հանրակրթության մեջ առկա զանգվածային արտադրության մոտեցումը ժառանգված է խորհրդային կրթահամակարգից։ Դրանից  պետք է ձերբազատվել՝ իր հերթին նկատում է «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը: Ըստ նրա՝ արդյունքի հասնելու համար պետք է աշխատել բոլոր շահագրգիռ կողմերի եւ պետական հաստատությունների հետ:

«Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ Արա Աթայանն էլ թյուր է համարում այն ընկալումը, թե մասնավոր դպրոցը գիշատիչների, օլիգարխների երեխաների համար է: Մասնավոր դպրոցը կրթում է նույն հասարակության երեխաներին:

Նորաստեղծ միության անդամները պատրաստ են ուսումնասիրել, վերլուծել ու գնահատել այլընտրանքային կրթական ծրագրերը և ներկայացնել միմյանց շահերը պետական ատյաններում, անհրաժեշտության դեպքում հանդես գալ դրանց բարելավմանն ուղղված առաջարկներով:

Back to top button