Հասարակություն

Թաղամաս, որտեղ կյանքը բոլորովին այլ երանգներ ունի (լուսանկարներ)

Շատ հաճախ մենք չենք նկատում մեր կողքի ապրողներին, ու կյանքը տեսնում միայն մեր տարածքում: Բայց մեր տարածքից դուրս պատմություններ կան, որ աննկատ են:

Կրիվոն Երեւանում մի թաղամաս է, որտեղ ու որտեղից դուրս կյանքը բոլորովին այլ երանգներ ունի:

 

Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դռան մոտ կանգնած եմ, նայում եմ դեպի «Ռոսսիա» կինոթատրոնը: Ինձանից աջ զորավար Անդրանիկի արձանն է ու այգին, ինձանից ձախ՝ Կրիվոն:

Կրիվոն աննկատ, առանձնացած ու կարծես թե, անուշադրության մատնված է:

Անունը թաղամասը, եթե կարելի է այն թաղամաս անվանել, ստացել է իր դիրքի ու ձևի պատճառով՝ թաղամասի գլխավոր փողոցը կոր է՝ ռուսերեն կրիվոյ: Ժամանակները փոխվել են, փողոցն անվանել Կորի փողոց, բայց հին անունն է, որ կրիվոյցիներն իրենցն են համարում:

Առաջին անգամ եմ Կրիվոյում, ու, կարծես թե, դժվար  է միանգամից ներս մտնել: Կոր փողոցով քայլում եմ, ու կարծես շրջանագծի տրամաբանությամբ հայտնվում նորից նույն կետում: Փողոցի վերջում միայն մի փոքրիկ, նեղ արանք կա, որը հնարավորություն է տալիս ներս մտնել:

Ու ես հիմա Կրիվոյի ներսում եմ, Արհեստավորների 2- րդ փողոցում, որտեղ ժամանակին թուրքեր են ապրել:

Ապրելու ամենատարրական պայմանների բացակայությունն է, որ կրիվոյցիներին, իրենց կարծիքով, առանձնացնում է մյուսներից: Բայց իրենց բոլորին միավորողը հենց այդ խնդիրներն են: Իրենց ասածը խնդրում են չընկալել որպես բողոք կամ անհիմն խոսք։ Ասում են՝ մեր պայմաններն են, տեսեք, ուղղակի մենք էլ ենք ապրել ուզում:

Թաղում քչերը կան, որ բաղնիք ունեն, գնում են բարեկամ-հարազատների տուն կամ էլ, հասարական բաղնիքից են օգտվում: Տիկին Սուսաննան ասում է՝ ամիսը մի անգամ լողանամ, լավ է:

Թաղում շատ են վազվզող փոքրերը, նաև երիտասարդ աղջիկները: Բայց մեծ մասը միայնակ են մեծացնում երեխաներին: Հազարավոր կիլոմետրերով հեռու են ամուսինները: Լիանան կատակով ասում է, հետո էլ ասում են շատ երեխաներ ունեցեք, ամուսինս դրսում, ես էլ 3 տարեկան փոքրիկիս հետ էստեղ մենակ: Ընտանիքը կա, բայց սոցիալական պայմանների պատճառով ապրում են կիսված՝ հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա:

Առաջնային-երկրորդական խնդիր չեն առանձնացնում: Բոլորի խնդիրներն էլ նույնն են:  Ու հետաքրքիր է, որ ծանր պայմանների ֆոնի վրա, լայն ժպտալու առիթներ ունենում են:

Արհեստավորների 2-րդ փողոցը մինչև 1988 թվականը թուրքի փողոց են ասել: Ու իսկապես, թուրքի տները հայրերի տներից տարբերվում են՝ փողոցի կողմից պատուհաններ չունեն, հողաշեն են և կառուցված են դեպի ներս: Կրիվոյցիները, որ երկար ժամանակ թուրքերի հետ են ապրել, հենց նրանց մասին լսելիս են ժպտում: Մի վատ հիշողություն չունեն:

Թաղի ամենավատ վիճակում գտնվող տունն էլ գիտեն, ավել-պակաս ապրողներին էլ: Դրսից մարդ է գալիս, բոլորով միասին են ներկայացնում իրենց խնդիրները՝

Եվ եթե այլ տեղում լավ ապագայի հույսը կառուցվող տան լուրը կլիներ, ապա Կրիվոյում մարդիկ անհամբեր սպասում են, թե երբ պիտի որոշում ընդունվի, որ քանդեն իրենց տները, բաղնիք-զուգարան ու գոնե երկու սենյակ ունենան:

Իսկ երեխաները, որ շատ են, հենց կյանքի ու հույսի խորհրդանիշներն են: Սամը այդ խորհրդանիշներից մեկն է՝ ամբողջ ճանապարհին մեզ հետ ծիծաղողը: Վերջում ամաչելով, բայց արտասանում է, պայմանով, որ պիտի նկարվի ինձ հետ:

Back to top button