ԿարևորՔաղաքական

Հայաստանում ԱՄՆ-ից ժամանած FBI-ի հետաքննիչներ չկան. ԱԱԾ տնօրեն

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հերքում է Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) հետաքննիչների՝ Հայաստան ժամանման մասին լուրը:

«Հայաստանում ԱՄՆ-ից ժամանած FBI-ի հետաքննիչներ չկան»,- ասաց Վանեցյանը:

Հայկական որոշ լրատվամիջոցներ օրերս տեղեկություն էին տարածել այն մասին, թե Հայաստան են ժամանելու ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննիչների խումբ. «Խմբի անդամները Հայաստանից ապօրինի կապիտալի արտահոսքի ուսումնասիրություններ են սկսելու»:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը, «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքելով այդ հրապարակումներին, ասել է. «Մեր քաղաքականությունից ելնելով՝ մենք իրավասու չենք հաստատել, ժխտել կամ քննարկել տեղեկություններ կապված իրավապահ քննությունների հետ»:

Գործակալությունը խնդրի մասին փորձել էր տեղեկություններ ճշտել նաև ՀՀ գլխավոր դատախազությունից: «Նշված նպատակով նման խմբի այցելության մասին տեղեկատվություն ՀՀ դատախազությունը չունի»,- հայտնել էին դատախազությունից։

ԱԱԾ տնօրենը նաև հայտարարել է, որ գործողություններ են իրականացնում երկրում նախկինում կատարված հանցագործությունների, գործող կոռուպցիոն շղթաների հայտնաբերման ուղղությամբ։  «Շուտով կբացահայտնվեն ապօրինի հարստացած մարդիկ, որոնք գործել են կոռուպցիոն սխեմաներով», — հայտարարել է նա՝ ավելացնելով, որ նշված սխեմաների միջոցով ոմանք պետությունից գումար են գողացել տարիներ շարունակ ու ապօրինի հարստացել են։

«Պետք է գտնենք լուծումներ, որ գումարը հետ վերադարձնեն ոչ թե գնան, բանտ նստեն, քանի որ դա հարցի լուծում չէ։ Հայաստանում 350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ խոշոր գործարարությամբ են զբաղվում ու հարկեր չեն մուծում։ Իրենց անձնագրերը վերցրել են ու բիզնես են գրանցել։ Մինչև ամսվա վերջ կունենանք ամբողջական պատկեր»։

Ցուցադրել ավելի
Back to top button