Տնտեսական

Խաղողագործների ակնկալիքը նոր կառավարությունից


Եթե իրավական դաշտը կարգավորի և  խաղողագործին չխանգարեն, արդեն իսկ մեծ ներդրում կլինի` կարծում է Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը։

Սա, ըստ էության, խաղողագործների՝ նոր կառավարությունից ամենամեծ ակնկալիքն է։ Ոլորտի առաջնահերթությունների ու բացթողումների մասին՝ ռեպորտաժում:

Բոլոր այն խաղողագործները, ովքեր ունեն պայմանագրեր խոշոր մթերող ձեռնարկությունների հետ, բնականոն աշխատում են, իսկ մյուս գյուղացիներն Աստծո հույսին են մնացել:

Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը մեկ անգամ չէ, որ այս խնդրին է անդրադառնում, սակայն մինչ օրս այն լուծում չունի: Մինչդեռ, խաղողագործների և վերամշակող կազմակերպության միջև փոխշահավետ համագործակցություն պետք է լինի:

Խնդիրների խնդիրը, սակայն, շարունակում է մնալ մաքուր խաղողի հումքն ու կոնյակի որակը, ասում է:

Արտակ Սարգսյանը լիահույս է, որ նոր կառավարությունը կամք կդրսևորի և խնդրին պատշաճ լուծում կտա: Ընդամենը մեկ քայլ է պետք , ասում է: Այնպիսի հարկային պարտավորություններ է պետք սահմանել, որպեսզի էժանագին սպիրտի ներմուծումը մատչելի չլինի:

Դե իսկ անհայտ ծագման էժանագին սպիրտով պատրաստվող կոնյակը, որը հիմնականում արտահանվում է Ռուսաստան, իսկապես առաջին հերթին հայկական կոնյակի անվան հետ է խաղում՝  համաձայնում է «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:

Խաղողագործների մյուս կարևոր խնդիրը խաղողի մթերման չափազանց ցածր գինն է՝ նկատում է Խաղողագործների միության նախագահը:  Եթե խաղողը  մթերվում է ինքնարժեքից ցածր գնով, նման պայմաններում ինչպես կարող է գյուղացին վարկառու լինել, անգամ երբ խոսքը 2-3 տոկոսի մասին է:

Այս պատկերն արդեն իսկ փաստում է, որ տարեվերջին նախորդ կառավարության հայտարարած տարեկան մթերված խաղողի ծավալների թիվը իրականությանը չի համապատասխանում:

Ինչ վերաբերում է այս տարվա ծավալներին, եթե երաշտ կամ այլ խնդիրներ չլինեն, խաղողագործների միության կանխատեսումներով առատ բերք է սպասվում:

Back to top button