Քաղաքական

Թունավորված հիվանդներին այսօր դուրս կգրեն հիվանդանոցից

Երեկ  Արմավիրում գրանցվել է զանգվածային սննդային  թունավորման դեպք և երեկոյան ժամը 17-ի սահմաններում  Արմավիրի հիվանդանոց են տեղափոխվել «Տեռաս դե Արմենիա Հայաստանի հողեր» ընկերությունան աշխատակիցները:  Այգեգործներին  ընդմիջման ժամին տրվել է հավի մսով, կարտոֆիլով սնունդ:

Հիվանդների վիճակը բավարար է և այսօր սկսել են դուրս գրել հիվանդանոցից: Մեծամոր բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Վանյանը տեղեկացրեց, որ միայն 5 հոգի է ջերմում, և նրանց բուժումը կշարունակվի 1-2 օր:

 

 

Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոններում մարդկանց մեծ հոսք և հիվանդների հոսպիտալացում եղել էր  1998թ-ին, երբ   Զարթոնքում բռնկվել էր խոլերայի համաճարակը: Սակայն հիմա հիմա ոչ թե համաճարակ է, այլ թունավորում: Գրեթե աշխատանքային օրվա ավարտին Արևադաշտ գյուղում գտնվող  «Հայաստանի  հողեր» ՓԲԸ-ից  թունավորման ախտանիշով Արմավիրի բժշկական կենտրոն սկսեցին տեղափոխվել հիվանդներ:

Արգենտինացի  հայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող  ,,Տեռաս դե Արմենիա Հայաստանի հողեր,, ընկերությունում  աշխատում են  Արևադաշտ և հարակից գյուղերի բնակիչները, որոնք զբաղված է խաղողի այգիների մշակմամբ:  Այգեգործներին ընդմիջման սնունդը հատկացնում է ընկերությունը: Երեկ ժամը 12-13-ն ընկած ժամանակահատվածում աշխատակիցներին բաժանվել են հավի մսով և տապակած կարտոֆիլով բրդուճներ:

«Ռադիոլուրին» հայտնի է դարձել, որ  ընկերության սննդի մատակարարը  Մյասնիկյան գյուղում գտնվող Խաչիկ Ավետիսյանին պատկանող ձեռնարկատիրական ընկերությունն է, որը պայմանագրային հիմունքներով սնունդ է մատակարարում «Հայաստանի հողեր» ընկերությանը: Արմավիրի բժշկական կենտրոնի համաճարակաբան Աշխեն Պողոսյանը տեղեկացրեց, որ հիվանդների մոտ նախնական վարկածով սննդային թունավորում է:

Արմավիրի հիվանդանոցում առաջին բուժօգնությունը ցույց է տրվել հիվանդանոցի գրեթե բոլոր բաժանմունքներում, քանի որ ինֆեկցիոն բաժանմունք չունի: Այն սանիտարական անբարվոք վիճակի պատճառով փակվել և  2015թ-ից տեղափոխվել է Մեծամորի հիվանդանոցի առանձին մասնաշենք:  Արմավիրի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Սարգիս Խաչատրյանը նշեց, որ հինանդներին ընդունել են ժամը  17-ն անց 30 սահմաններում:

Մեծամորի հիվանդանոցի բոլոր բաժանմունքներում՝ ընդհուպ մինչև գինեկոլոգիական, պառկած են թունավորված քաղաքացիները:

Հինանդանոցներում թունավորված  հիվանդների հոսքը շարունակվեց մինչև ժամը 22-ը: Արմավիրի փոխմարզպետ Լարիսա Մուրադյանը հավաստիացրեց, որ Արմավիրի և Մեծամորի հիվանդանոցներն ապահովված են համապատասխան դեղորայքով:

Դեպքի առիթով Արմավիրի ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել:

Back to top button