ԿարևորՀասարակություն

Բողոքի ակցիա՝ ՀՀ վճռաբեկ դատարանի շենքի մոտ (լրացվող, լուսանկարներ)

ՀՀ վճռաբեկ դատարանի առջեւ բողոքի ցույցը շարունակվում է։ Ցուցարարների հետ հանդիպման դուրս եկավ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը։

Խոսելով ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով հայցադիմումի մասին՝ նա հայտարարեց. «Օրենքով սահմանված ժամկետն ընթացքի մեջ է: Ի՞նչ է գործընթացն իրենից ներկայացնում. եթե բողոքները թերի են լինում, վերադարձվում են մինչև 1 ամսում: Կարող ենք ֆիքսել, որ բողոքը թերություն չի պարունակում, ուստի հիմքեր չկան վերադարձնելու: Հետո սկսվում է գործել եռամսյա ժամկետը, հաշվեք ապրիլի 17-ից սկսած: Սահմանված ժամկետում Վճռաբեկը պարտավոր է կայացնել համապատասխան որոշում»,- ասաց նա:

Ցուցարարները պահանջեցին, որ դա արվի հնարավորինս արագ՝ հաշվի առնելով քաղաքական նոր իրավիճակը: «Մեր պահանջն է սեղմ ժամկետում վարույթ ընդունել արդարացման հայցադիմումը»,- նշեց ակցիայի կազմակերպիչներից մեկը:

«Դա կապված է գործի էությունից, բովանդակությունից, ուսումնասիրությունից, քննարկումից, հատորներից: Պետք է բազմակողմանի քննարկում իրականացվի, միանձնյա որոշումներ չեն կայացվելու: Որևէ մեկը չի կարող ասել՝ 5, 10 օրից այս կամ այն գործով կստանաք պատասխան»,- ասաց Սերժիկ Ավետիսյանը:
+++

ՀՀ Վճռաբեկ դատարանի շենքի մոտ մեկնարկել է բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների իրավունքների:

Ցուցարարների ձեռքին կան ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի պատկերով և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականի պահանջով պաստառներ: Այլ քաղբանտարկյալների պատկերով պաստառներ չկան: Նրանք վանկարկում են «ազատություն քաղբանտարկյալներին»:

Սամվել Բաբայանի աջակիցները նշեցին, որ իրենք հարգում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին , այդ պատճառով փողոցներ չեն փակում, սակայն այտեղ են՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների իրավունքների։ Բողոքի ցույց իրականացնող քաղաքացիները հայտարարեցին, որ օրուգիշեր մնալու են այդտեղ մինչև պաշտոնական պատասխան չստանան Սամվել Բաբայանի գործի հետ կապված:

Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաեւ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու գործով 7 մեղադրյալ կար, որոնց վերաբերյալ դատարանը դատավճիռ կայացրեց նոյեմբերի 28-ին: Մեղադրյալները դատապարտվեցին 2-ից մինչեւ 6 տարվա ազատազրկման:

Ցուցադրել ավելի
Back to top button