ԿարևորՔաղաքական

Թբիլիսին պատրաստ է զարգացման նոր փուլ տեղափոխել հայ-վրացական հարաբերությունները

Վրաստանում վերջին շրջանում ակտիվորեն հետևում էին հայաստանյան իրադարձություններին, անդրադառնում նոր վարչապետի կողմից Վրաստանի հետ հարաբերությունների մասին հնչող հայտարարություններին։ Վրաստանի Պաշտպանության նախարար Լևան Իզորիան Ռադիոլուրի հետ զրույցում արձագանքելով Երևանից հնչող ազդակներին, նշում է, որ Թբիլիսին պատրաստ է զարգացման նոր փուլ տեղափոխել հայ-վրացական հարաբերությունները։

«Մենք Հայաստանի հետ բարեկամական ու բարիդրացիական հարաբերություններ ունենք։ Հույս ունեմ, որ կհանդիպեմ հայաստանի իմ գործընկերոջը, ում ես գիտեմ․նա եղել է Վրաստանում։ Մենք պիտի շարունակենք զարգացնել երկստեք նախանշված համագործակցությունը»։

Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է հատկապես Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունները։ Նշում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ հավելելով, որ, այս շահագրգռվածությունն ընկալվում է Թբիլիսիում։

«Այս երկրներն օբյեկտիվորեն մեր ելքերն են և այն հարևանները, որոնց հետ չունենք քաղաքական լարվածություն հաղորդող որևէ խնդիր։ Ընդհակառակը մենք ունենք չօգտագործված մեծ ռեսուրս ու ներուժ՝ ավելի մեծացնելու իրար կապող կամուրջը»։

Վրաստանը մի երկիր է, որը փորձ ունի հեղափոխությունից հետո երկրի կառավարման։ Հայաստանում քննարկվելու է աշխարհի տարբեր երկրների, այդ թվում նաև Վրաստանի հաջողված փորձը։ Ռադիոլուրի հետ զրույցում նշեց Թբիլիսիում գործող Ալիք մեդիայի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը։

Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ Աննա Դոլիձեն, ով Վարդերի հեղափոխության շրջանում ղեկավարում էր Երիտասարդ իրավաբանների ասոցացիան, որը պետք է մասնագիտական խորհրդատվությամբ հանդես գար հետհեղափոխական երկրում, նշում է, որ տարբեր երկրներից վերցված ու որոշ առումներով Հայաստանի նման մի երկրում՝ Վրաստանում տեղայնացված մի շարք բարեփոխումներ կարող են օրինակելի դառնալ։

«Կոռուպցիայի դեմ պայքարը, փոքր բայց ամենատարածված կաշառքից ազատվելու գործընթացը, սկսվեց ճանապարհային ոստիկանությունից։ Դա ամենահաջողված փոփոխությունն էր։ Կարևոր է, որ ոստիկանն առանց կաշառքի, իր աշխատավարձով կարողանա պահել ընտանիքը»։

Վրաստանն ապրել է այսպես ասած անցումային արդարադատության շրջանը։ Ասում է Խառատյանը՝ նշելով. «Հայաստանում այդ առումով կարևոր շրջան է, որպեսզի հասկանալի լինի թե ինչպես վարվել։ Ասվել է, որ վրեժխնդրություն չի լինելու, բայց կան հարցեր, որոնք պիտի լուծվեն, քանի որ դրանց հանրային պահանջը կա․․․»:

Վրացական արդարադատությունը 2003-ի Վարդերի հեղափոխությունից հետո, սակայն, ըստ Դոլիձեի, սխալներ է թույլ տվել․

«Վրաստանում պատասխանատվության ենթարկելու հարցով գործընթացներ սկսվեցին։ Սակայն մյուս կողմից Սահակաշվիլին չափն անցավ։ Նա անձնական թշնամիներ ուներ, ում հետ և վենդետա ունեցավ։ Դա հօդս ցնդեցրեց այն հավատը, որ այդ փորձերն իրական էին»։

Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամի խոսքով, կարևոր է, որ այդ ոլորտում ամեն ինչ տեղի ունենա օրենքի տառին համապատասխան։

Back to top button