ԿարևորՀասարակություն

Օրվա բողոքների քրոնիկոնը

Երեւանի քաղաքապետարանի դիմաց այսօր կրկին բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ եւ հանուն Տարոն Մարգարյանի:

«Տարոն, քաղաքապետ» եւ «Տարոն, հեռացիր» վանկարկումները խառնվել են իրար: Արշակունյաց պողոտան էլ երեկվանից փակ էր մինչեւ Նիկոլ Փաշինյանի կոչը: Սասնա ծռերի կողմնակիցներն են իրենց դժգոհությունը շարունակել հայտնել:

Արարատի ցեմենտի գործարարանում առավոտից բողոքի ակցիա էր, աշխատակիցները դժգոհ են  աշխատանքային իրավունքների ոտնահարումից, ցածր աշխատավարձից  ու կրճատման ռիսկերից:

Իրադարձություններին հետեւել է «Ռադիոլուրը»:

Հանրապետության տարբեր վայրերում, հատկապես Երեւանում ճանապարհ փակելու միջոցով բողոք արտահայտնելը կարծես դարձել է օրինաչափ: Մինչեւ ժամը 15. 00 բացել բոլոր ճանապարհները՝ այսօր կոչ արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Երեւանի քաղաքապետարանի դիմաց վերջին օրերին բողոքի ակցիաները չէին դադարում: Տարոն Մարգարյանի  հրաժարականը պահանջող եւ նրան պաշտպանող  ցուցարաները այսօր բողոքի էին ելել միաժամանակ: Յուրաքանչյուր կողմն իր պահանջն արտահայտում էր որքան  հնարավոր է բարձր ձայնով:

Կողմերը ժամանակ առ ժամանակ բախվում էին, վիճում, իրավիճակը սրվում էր: Հետո մեկը մյուսին հանդարտեցնում էր,  կոչ անում՝չտրվել  սադրանքերի: Այս վիճակը շարունակվեց մինչ  Նիկոլ Փաշինյանի հայտարությունը: Կողմերն իրենք էլ հանդես եկան հայտարարությամբ:

Վարչապետի կոչին ընդառաջ գնացին նաեւ «Սասնա Ծռերի» աջակիցները: Նրանք ժամը 15.30 բացեցին երեկվանից փակած Արշակունյաց պողոտան, բայց հայտարարեցին՝  շարունակելու են փակ պահել դատարանի շենքի մուտքերը: Պահանջը նույնն է՝  աշխատանքից ազատել ՀՀ դատախազին եւ փոխել  10-ը ամբաստանյալների խափանման միջոցը: Հիմնադիր Խորհրդարանի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի եղբայր Թորոս Սեֆիլյան:

«Մեր թեման իշխանոթյան հետ չէ, այլ այն է, որ պետք է արագ փոխեն խափանման միջոցը, բայց շարունակվեն իրավական նիստերը՝ վերականգնելով արդարությունը»:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, ընդառաջելով փաստաբան Արայիկ Պապիկյանին, նրան հնարավորություն տվեց հանդիպել ամբաստալյալների հետ։ Նրանք էլ դիմեցին համակիրներին՝ բացել ճանապարհները, իսկ իրենց հետ դատարանի շենքում գտնվող երեք այլ ձերբակալվածներին ՔԿՀ տեղափոխելու հնարավորություն տալ: Կոչն ի կատար ածվեց։ Պապիկյանը փոխանցեց՝ «Սասնա ծռերի» անդամներն իրենց լավ են զգում, Սեֆիլյանն էլ շուտով ազատ կարձակվի:

«Ես ավելի լավատես եմ, Ժիրայր Սեֆիլյանը մինչ ամսի 30-ը պետք է ազատ արձակվի»:

Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող Արարատի ցեմենտի գործարարանում էլ էին կրքեր բորբոքվել: Աշխատակիցների խնդիրներն ու դժգոհությունները վերաճել էին բողոքի ցույցի, ու առավոտից ցեմենտի մեքենաները փակել էին գործարանի մուտքը: Օրեր առաջ էլ էին աշխատակիցները բողոքել աշխատավարձից ու, ըստ լուրերի, շուրջ 300 մարդու էլ սպառնացել էին ազատել աշխատանքից։ Գործարանի ղեկավարությունը, ինչպես օրեր առաջ, այսօր էլ ցրել է մտահոգությունները: Աշխատողներին հրահրում են՝ «Ռադիոլուր»-ին ասաց  գործադիր տնօրեն Մանուկ Առաքելյանը: Ո՞վ, ի՞նչ նպատակով՝ չգիտի: Բայց հրապարակավ հայտարարեց՝ սպառնալիք չկա, ռիսկեր՝ եւս:

«Ծառուկյանն անձամբ 2-3 տարի առաջ ասել է՝ աշխատանք չկա, թող մնանն, աշխատեն: Մենք էդ ժողովրդին պարտադիր պետք է պահենք, ոչ մեկին ոչ ազատել, ոչ բան: Աշխատավարձի բարձրացում հնարավոր է»:

Օրվա երկրորդ կեսին բողոքի ակցիան դադարեցվել է: Աշխատավարձերի բարձրացում կլինի՝ հաստատեց նաեւ գործարանի մեքենավար Հակոբ Այվազյանը: Ելքն ու ուղիները գտել են: Բարձրացումը կլինի մինչեւ 100 տոկոս:

«Հարցը երեւի թե արդեն ստանում է պատշաճ լուծում, ոնց որ մենք էինք ուզում: Ռեալ է, մեր պահանջը 150 հազար դրամի սահմաններում է»:

Հիմա Հայաստանում հաստատված է ժողովրդի մանդատն ունեցող իշխանություն, ուստի կառավարությունը պետք է հնարավորություն ունենա խնդիրներն սկսել լուծել ըստ հրատապության՝ այսօր հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ ժողովրդից ակնկալելով այդ հնարավորությունը։ Հնարավորությունը տրվեց։

Ցուցադրել ավելի
Back to top button